Վլադիմիր Կարապետյան. Այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Նման գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Վլադիմիր Կարապետյանը։
«Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,-գրել է նա։
Կարապետյանի ազատման լուրերն ակտիվորեն շրջանառվում էին երեկվանից։
Կառավարության էջում հունվարի 8-ի ամսաթվով է հրապարակվել Կարապետյանին ազատելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որտեղ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է. «Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված դեպքերի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան