Մարդիկ օդանավակայանի անցագրային կետից դուրս գալով ենթարկվում են խմբակային հարձակման․ Փաշինյան
Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու և դրա համար կան կոնկրետ ազդակներ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Մասնավորապես, հաջորդ շաբաթ արդեն «RyanAir»-ը իր առաջին չվերթը կիրականացնի, իսկ այդ պրոցեսը շարունակական է լինելու։
Փաշինյանի խոսքով՝ միջազգային մամուլում ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս 2020 թ-ին որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը:
«Այս ամենը շատ լավ է, բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիք ունենք։ Մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու, սպասարակման որակի հարցը լուծելու առումով: Պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ սկսած տաքսու վարորդներից, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, շփման որոշակի կուլտուրա սերմանենք և դա սովորական երևույթ դարձնենք»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ արդեն երկու ուղղություններով թռիչքներ են իրականացվելու Գյումրիից և այնտեղ ևս, օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկներին տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել։
«Ընդհանրապես, Հայաստանի օդանավակայաններում կարելի է շատ հաճախ հանդիպել այնպիսի տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այս խնդիրները պետք է շատ արագ լուծել, այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին: Ըստ էության, ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել վերջին 30 տարվա ընթացքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև սանհանգույցների խնդրին. «Կարծում եմ՝ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարաններին։ Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է, երբ տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, թվում է՝ աղետյալ ինչ-որ շրջանում ես գտնվում»։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ կան ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ ստանդարտներ։
Նրա խոսքով՝ առողջապահության նախարարի հետ նախաձեռնել էին դրանց փոփոխությունները, որպեսզի համապատասխանեցնեն ժամանակակից պահանջներին. «Եթե չեմ սխալվում, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կունենանք հաստատված նորմերը և դրանք վերջնական տեսքի բերելուց հետո նաև կանդրադառնանք օրենսդրական փոփոխությունների կարգավորումներին, խստացումներ կնախատեսենք՝ տուգանքների չափերի մեծացում, ընդհուպ գործունեության կասեցում, եթե նորմատիվ պահանջները չպահպանվեն»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդկանց պետք է հստակ ասել՝ չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել և ալարել 50 դոլար ավելի ծախսել, որ պատշաճ սանհանգույց ունենան։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ ստուգումներ են իրականացրել գազալցակայաններում և դրանց մոտ 80 տոկոսն արդեն ունի սանհանգույց:
Նախարարի խոսքով՝ կա մեկ այլ խնդիր, որը կապված է ոչ պատշաճ սպասարկման հետ։ Սուրեն Պապիկյանն առաջարկում է կոշտ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ նաև գործունեության արգելք, որպեսզի գազալցակայանների տերերը հասկանան հարցի լրջությունը:
«Եկել է այն պահը, երբ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ նորմերին չհամապատասխանող բոլոր օբյեկտների գործունեությունը պետք է արգելել, մինչև այդ ներդրումները կարվեն և խնդիրները կլուծվեն։