Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը գյուղերի աշխատող մայրերի համար կրկնապատկվի
Կառավարության որոշմամբ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 հազար դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150 հազար դրամ:
«Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 հազար դրամ»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ առաջին երեխայի դեպքում նպաստն ավելանում է 6 անգամ։
Զարուհի Բաթոյանը նշեց, որ մեկ այլ նախագծով առաջարկվում է կարգավորել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն և այն ավելացնել։ Մասնավորապես, առաջարկվում է 18 հազար դրամի փոխարեն այն դարձնել 26500 դրամ։
Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից, բայց կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
«Մենք նախատեսում ենք այս նպաստը սահմանել գյուղական համայնքներում ապրող քաղաքացիների համար՝ մի տարբերությամբ, որ նրանք այս նպաստը կստանան անկախ իրենց աշխատելու հանգամանքից։ Ընդ որում՝ աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի»,- հայտարարեց Զարուհի Բաթոյանը։
Նշվեց նաև, որ այս ծրագրերի համար նախատեսվել է ավելի քան 4 մլրդ 786 հազար դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան