Հաջորդ տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է սկսել այսօրվանից. վարչապետ
Այսօր՝ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունն անցկացնում է այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց:
Քննարկվող հարցերից 4-ը զեկուցվող են, իսկ մյուսները չզեկուցվող:
Նիտի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականն իսկապես հաջողված տարի էր:
«2018-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, իսկ 2020 թվականը մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան կդառնա։ Ես կարծում եմ, որ 2020 թվականը բավականին լավ ենք սկսել»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այն նորացված հայեցակարգը, որն առաջարկվել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, արդարեցրեց իրեն։ Մասնավորապես, ըստ վարչապետի, Ամանորից մինչև հիմա Երևանի փողոցներում և ընդհանրապես Հայաստանում մեծ թվով զբոսաշրջիկների կարելի է հանդիպել. «Թվերն ամփոփված չեն, բայց, ըստ էության, առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է»։
Վարչապետի խոսքով՝ պետք է նաև արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ կայացրել են Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված։
«Ես կարծում եմ, որ նաև 2018-2019 թթ. փորձը հաշվի առնելով, և այն, որ մեզ համար ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, հաջորդ տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի պլանավորում են Հայաստանում յարխուշտայի փառատոն անցկացնել, ուստի այդ ամենը պետք է պլանավորել և մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել բոլոր միջոցառումները, ինչպես նաև, ըստ նրա, առնվազն նվազագույնի պետք է հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան։
Վարչապետի կարծիքով՝ այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց, եթե արդեն չեն արդարացրել։