Համաշխարհային բանկը 2020-ին Հայաստանի համար 5.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկը ներկայացրել է 2020թ.-ի Գլոբալ տնտեսական հեռանկարները Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում զեկույցը։ Նշվում է, որ տարածաշրջանում տնտեսական աճի տեմպը, ըստ գնահատականների, 2019-ին դանդաղել է՝ լինելով երեք տարվա ընթացքում ամենացածրը՝ 2%, որի վրա ազդել են Թուրքիայում տնտեսական ակտիվության կտրուկ անկումը` 2018-ին ֆինանսական շուկայում լուրջ ցնցումների ազդեցության տակ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նավթի արտադրության կրճատումն ու պահանջարկի նվազումը։
Զեկույցի համաձայն՝ Կենտրոնական Եվրոպայում մասնավոր սպառման խթանումը 2019-ի սկզբին, իրական աշխատավարձի և կառավարության փոխանցումների ծավալների մեծացման շնորհիվ, օգնեց պահպանել տնտեսական աճի տեմպերը ներուժից վեր:
Հայաստանի հետ կապված Համաշպարհային բանկը նշում է, որ մասնավոր սպառումը, արդյունաբերական գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանումը Հայաստանում նպաստեցին Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը՝ հասնելով մոտ 3,7%-ի:
Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում։ Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1 տոկոս, 2021 և 2022թ.-ներին՝ 5.2 տոկոս աճ: Հայաստանում 2019թ.-ին գրանցվել է 6.9 տոկոս աճ։
Ըստ կանխատեսումների՝ Հարավային Կովկասում տնտեսական աճի տեմպը կնվազի մինչև 3,1%:
Նշվում է, որ միջնաժամկետ հեռանկարում հետագա տնտեսական աճի պայմանը կլինի մասնավոր հատվածի ամրապնդմանն ուղղված ներքին բարեփոխումների շարունակությունը, ինչպես նաև մարդկային կապիտալում ներդրումները՝ կատարելագործելով կրթության որակն ու պահանջված հմտությունները: