Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Փաշինյան
Բյուջետային ավիաընկերությունները ոչ լյուքս սեգմենտի զբոսաշրջիկների են բերելու Հայաստան: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով, ըստ նրա, բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ, որոնք փոքր և միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են:
«Նրանք գալիս են Հայաստան ոչ թե հինգաստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, ոչ թե ճոխ ծառայություններից օգտվելու համար, այլ նրանք գալիս են քայլելու, սար բարձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում միկրոբիզնեսն ազատվել է հարկերից։
«Ասել ենք և շարունակում ենք ասել, որ բարեկեցություն հաստատելու, աղքատությունը հաղթահարելու միջոցն աշխատանքն է։ Հիմա մենք այդ աշխատանքի համար ստեղծել ենք բավարար դաշտ, ազատել ենք հարկերից և հնարավարություն ենք տալիս, որ իրականացնեք զարգացման տարբեր ծրագրեր տարբեր ոլորտներում, իսկ մենք աշխարհի տարբեր ուղղություններից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ։ Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ պետք է ձեզ որոշակի գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, որովհետև այդպես հնարավոր չի լավ ապրել, այլ ստեղծված է դաշտ, որ դուք ձեր սեփական մտքով, աշխատանքով, գաղափարներով հնարավորություն ունենաք վաստակել օրվա հացը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա է կյանքը փոխելու բանաձևը։
Վարչապետի խոսքով՝ պետությունը կառուցում է ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների ու ծառայություն կամ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ։
«Սա է լավ ապրելու մոդելը ՀՀ-ում։ Եվ ուզում եմ ասել՝ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել, չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Եվ, հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները։ Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ Այդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը, վեր կենա բազմոցից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է, քանի որ հնարավոր չէ առանց կրթության, հմտության լավ ապրել, այս հնարավորություններից օգտվել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան