Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է
ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 95-ամյակը:
«Օֆելյա Համբարձումյան... Ժողովրդի երգչուհի... Ժողովրդական երգչուհի... Չափազանց սիրելի և սրբազան անուն մեր երգարվեստում: Եթե ոչինչ երգած չլիներ Օֆելյան և սերունդներին թողած լիներ թեկուզ իսահակյանական ցնցող երգերի ընտրանին, դարձյալ բավական կլիներ նրան հայ երգի արտահայտիչը անվանել»,- ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը:
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Արաքսյա Գյուլզադյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։
Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվել են աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքն է եղել։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Անգերազանցելի են մնացել նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ:
Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։ 21-րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
Տիգրան Մանսուրյանը՝ Օֆելյա Համբարձումյանի մասին. «Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս՝ չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղորեն հարուստ ու կենսագրություն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր՝ պատմական անցյալի այլևայլ շերտերից եկած: Եվ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներծնչվածությամբ հունցված:
Նրան տրված «ժողովրդական» տիտղոսը մինչև պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որևէ փաստաթուղթ չպահանջող իրողություն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում իր անզարդ օրը, իր սովորական առօրյան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու:
Տարբեր ժողովուրդներ ունեն ժողովրդական երգ ասող այդպիսի մայրիկներ: Այդպիսիք իսպանացիներն ունեն, ամերիկացիներն ունեն, մեքսիկացիներն ունեն, արաբական աշխարհում կան նրանք: Եվ բոլորին հավասարապես սիրում են բոլորը՝ որ ազգին էլ որ պատկանեն նրանք:
… Իր երգն ես առաջին անգամ լսել եմ 1947 թվականին Բաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նավից նոր էիք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ «Բարի գալուստ» ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելյա Համբարձումյանը:
… Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կապրի»:
Լուսանկարները՝ «Օֆելյա Համբարձումյան» ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- «Կոմիտաս» պանթեոնում բացվեց Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը
- Մահացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա