ԱՄՆ-Իրան «խորհրդանշական պատերազմն» ու գաղափարական պայքարը՝ պարբերական թեժացումներով
Հունվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի ելույթից հետո աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ մարդիկ թեթևությամբ շունչ քաշեցին․ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմ չի լինելու։ Կանխվեց աղետը՝ չեն լինելու մարդկային նոր ողբերգություններ, ավերածություններ, տնտեսական վնասներ և այլն։
Իրանը գեներալ Սուլեյմանիի խորհրդանշական սպանությանը պատասխանեց ոչ պակաս խորհրդանշական կերպով։ Այսինքն, իրանական կողմի պատասխան հարվածը կոնկրետ ռազմական խնդիր չէր լուծում, այլ ավելի շուտ խորհրդանիշների և իմիջի ոլորտից էր։ Արձակած հրթիռների միջոցով իրանական կողմի հղած ուղերձներից կարելի է առանձնացնել մի քանիսը։
Մասնավորապես այն, որ չեն վախենում աշխարհի գերհզոր զինված ուժեր ունեցող պետությունից, և որ իրանական ժողովուրդն համախմբած է ղեկավարության շուրջ՝ պատասխան տալու ցանկացած սպառնալիքի։ Մյուսն այն է, որ Իրանն ունի ժամանակակից սպառազինություն, կամք և հնարավորություն՝ իր սահմանից դուրս գործողություններ կատարելու համար։ Կարևոր էր նաև այն, որ Իրանն այս իրավիճակում դիրքավորվում էր որպես զոհ, ում կողմից են բարոյական ու իրավական նորմերը։
Իրանի հրթիռային հարվածներն ամերիկյան ռազմաբազաների վրա հաշվարկված ու զուսպ էին, բավարար իրանական կողմի համար վրեժխնդրության արժանահավատ հայտ ներկայացնելու համար։ Սակայն դրանք չէին հատում այն կարմիր գծերը (մարդկային զոհեր, էական նյութական կամ նույնիսկ բարոյական վնաս), որ կստիպեին ԱՄՆ-ին պատասխան հարված հասցնել։ Կարճ՝ ամեն ինչ արվեց իրավիճակի սրումը կանխելու ու Իրանին ու ԱՄՆ-ին արժանապատիվ ելք ապահովելու համար։
Այնքան էլ ճիշտ չեն իրանական այս հարվածների համեմատությունները պատմական նախադեպերի, մասնավորապես՝ 1941թ. Ճապոնիայի կողմից Պեռլ Հարբորում տեղակայված ամերիկյան ծովային ռազմաբազայի վրա հարձակման հետ։ Թե սա առաջին դեպքն է, որ ամերիկյան կողմը չի արձագանքում իր ռազմաբազայի վրա կատարած հարձակմանը, ինչը խոսում է իրանական ուժի և ԱՄՆ թուլության մասին։
Իհարկե, գնահատականները կարող են տարբեր լինել, իսկ հաղթանակները՝ բարոյական ու իրական։ Բայց Էրբիլում ու Այն ալ-Ասադում իրանական հրթիռակոծությունը համեմատել Պեռլ Հարբորի հետ, նշանակում է անտեսել հակամարտությունների պատմական ու ռազմական համատեքստը, դինամիկան, վերջապես այդ հարձակումների պատճառած վնասները։
Պատմությունը թողնելով պատմաբաններին՝ նշենք, որ այս փուլում ամերիկա-իրանական ռազմական-խորհրդանշական փոխհարձակումների հաշիվը ոչ ոքի է, մեկական նետում՝ սակայն բասկետբոլային իմաստով։ Մեկն ավելի շատ միավոր է տարել, մյուսը՝ պակաս։ Իսկ ահա առավելությունն ում կողմն է, կախված է, թե «մրցավարը», որ լուրերին է հետևում։
Մյուս հարցը, որին արժե ուշադրություն դարձնել, ԱՄՆ-Իրան «լիարժեք պատերազմ» հասկացությունն ու դրա հնարավորությունն է։ Եթե շատ չոր, ռազմական տեսանկյունից նայենք, Իրանը ոչ մի շանս չունի ԱՄՆ հետ պատերազմում, հատկապես եթե վերջինս կիրառի իր զինանոցի բոլոր հնարավորությունները, ներառյալ միջուկային զենքը։ Ասիմետրիկ ռազմական գործողություններն էլ պատերազմ անվանելը դրամատիկ է հնչում, բայց ոչ ճշգրիտ։
Ամերիկյան զորքերի՝ 2001թ.-ին Աֆղանստան և 2003թ.-ին Իրաք ներխուժումից հետո ծավալված ռազմական գործողությունները լավագույն դեպքում կարելի էր համարել այսպես կոչված «սահմանափակ պատերազմներ», երբ կողմերը, ելնելով տարբեր նկատառումներից, այդ թվում՝ իրավական ու բարոյական սահմանափակումներից, չեն օգտագործում իրենց ունեցած ամբողջական ռեսուրսները: Նախորդ դարաշրջաններին բնորոշ «տոտալ պատերազմը» ժամանակակից աշխարհում քիչ հավանական է, հատկապես այն դեպքում, երբ մարտնչող կողմերից մեկը աշխարհի ամենահզոր պետություններից է, եթե ոչ ամենահզորը։ Ուժեղ կողմը կարող է պատժել, պարտադրել իր տեսակետները՝ հարկադրման տարբեր ձևերով՝ սահմանափակ ուժի կիրառում, օդային հարվածներ, ուժի սպառնալիք, տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ։ Չի բացառվում նաև ռազմական ուղիղ ներխուժումը «անհնազանդ» երկիր, որի նպատակը ոչ այնքան դրա օկուպացիան է, որքան ավելի լոյալ ռեժիմի հաստատումը։
Այս ամենը հաշվի առնելով՝ և' ԱՄՆ-ի, և' Իրանի համար ռացիոնալ ընտրության դեպքում «լիարժեք պատերազմը» ամենալավ ընտրությունը չէ։ Իսկ որ երկու երկրների ղեկավարությունն ավելի ռացիոնալ է, քան թե փորձում են քարոզչությունում ներկայացնել, փաստ է։ Ուստի առաջիկայում ամերիկա-իրանական հարաբերություններում կարելի է սպասել իրավիճակի տարբեր սրացումներ ու թուլացումներ, որոնք կարող են ուղեկցվել նաև որոշակի ռազմական ուժի կիրառմամբ։ Բայց դասական իմաստով պատերազմի սպասելը քիչ հավանական է։ Իսկ ահա «խորհրդանշական պատերազմն» ու գաղափարական պայքարը մնալու են օրակարգում՝ պարբերական թեժացումներով։