«Բյուրականի աստղադիտարանը՝ համաշխարհային գիտության ոլորտում լավագույն կառույց»
«Գիտաչափության սանդղակում Բյուրականի աստղադիտարանի միավորներն աճել են 25%-ով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Միքայելյանի խոսքով, Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային գիտական ոլորտում շարունակում է համարվել լավագույն կառույցներից մեկը։
«Վերջին տարիների կարևորագույն նորամուծություններից է, որ աստղադիտարանը ստացել է ՀՀ ազգային արժեքի կարգավիճակ, բացի այդ այն համարվել է տարածաշրջանային կենտրոն։ Հյաստանում միայն աստղդիտարանն ունի միջազգային մակարդակով տարածաշրջանային կենտրոնի ճանաչում։ Սա ցավոք դեռևս մեր ղեկավարությունը լավ չի ընկալում, 2015 թվականից մենք տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ ունենք, բայց երբևէ պատշաճ կերպով անդրադարձ չի եղել։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով մուսուլմանական երկրներով՝ մենք կարող ենք Հայաստանը առանձնացնել որպես գիտական երկիր, որպես աստղադիտական կենտրոն»,- նշեց Արեգ Միքայելյանը։
Հայաստանը ճանաչված և գնահատված է որպես գիտական կենտրոն։ Բյուրականի աստղադիտարանը շարունակում է զարգացնել միջազգային կապերը, հայաստանցի գիտաշխատողները դրսի հրավերներով մեկնում են տարբեր երկրներ, փորձի փոխանակում անցկացնում։
Միքայելյանի խոսքով, աստղադիտարանը միջազգային հարթակում բավականին գնահատված է։
«Գիտնականների դերն ու նշանակությունն այնքան մեծ է, որ միջազգային կառույցները գումար են հատկացնում, որպեսզի նրանք մեկնեն տարբեր գործուղումների և փորձի փոխանակում անցկացնեն։ Տարեկան 70-80 այդպիսի գործուղում ենք ունենում։ Արաբական երկրներ են հրավիրում, որպեսզի դասախոսություններ անցկացնենք, բայց ես հպարտ եմ, որ արևմուտքի զարգացած երկրներ ենք գնում, ինչպես նաև Ռուսաստան։ ԱՄՆ-ի հետ հարաբեությունները ևս շատ սերտ են»,- նշեց Արեգ Միքայելյանը։
Աստղադիտարանը երեք նոր աստղադիտակ է ստացել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանից։ Միքայելյանը նշեց, որ նախ բանակցում էին աստղադիտակները մետաղի ջարդոնի գնով ձեռք բերելու շուրջ, ապա որոշվեց, որ Սանկտ Պետերբուրգի համալսարանը դրանք կնվիրի Բյուրականի աստղադիտարանին։
Թեև գիտական ոլորտում ներգրավված երիտասարդների թիվը նվազել է, այնուամենայնիվ, Միքայելյանը նշում է, որ աստղադիտարանը շարունակում է գրավիչ մնալ գիտնականների համար, քանի որ նրանց համար որոշակի պայմաններ են ստեղծվում՝ տրամադվում են ժամանակավոր կացարաններ, գիտաշխատողները կարողանում են տարեկան 4-5 անգամ մեկնել արտերկիր։
Աստղադիտարանը համագործակցում է տարածաշրջանային բոլոր երկրների հետ, բացի Ադրբեջանից.
«43 երկրների հետ աստղադիտարանը համագործակցում է, տարբեր պայմանագրեր կնքում։ Մի մասի հետ արդեն կան պայմանագրեր, մյուսների դեպքում՝ դիտումներ ենք անցկացնում դեռևս, այս պահին 7 միջազգային ծրագրեր ենք անցկացնում։ Միայն Ադրբեջանի հետ կապ չունենք, և դա իրենց մոտեցումն է։ Իրենց մոտ արգելված է հայ գիտնականների հետ համագործակցությունը, բայց մյուս երկրների հետ կապերը զարգացնում ենք։ Ռուսաստանյան 7 գիտական կազմակեպությունների հետ արդեն պայմանագիր ունենք»։
Անդրադառնալով 2020 թվականի անելիքներին՝ Արեգ Միքայելյանը նշեց, որ այժմ հիմնականում կենտրոնանում են աստղադիտարանի 75-ամյակի միջոցառումների վրա։
«Եկող տարի լրանում է աստղադիտարանի 75-ամյակը, և մենք նախատեսում ենք մեծ ամփոփիչ գիրք հրատարակել։ Բացի Հայաստանից, աշխարհի բոլոր երկրներն ունեն այդպիսի գիրք։ Այնուհետև շատ խոշոր միջազգային գիտաժողով է լինելու, իսկ 2020 թվականի մայիսի մեզ մոտ լինելու է «Եվրոպական աստղագիտություն և աստղաֆիզիկա» ամսագրի տնօրենների խորհրդի նիստ։ Բացառիկ բան է, որ Հայաստանում պետք է անցկացվի այդ նիստը, և գալու են Եվրոպական 28 երկրների ներկայացուցիչներ։
Սեպտեմբերին ևս 2 միջազգային միջոցառումներ են լինելու, Հայաստան են գալու գիտնականներ աշխարհի բոլոր կետերից։ Բացի այդ մենք ուզում ենք նաև ունենալ աստղագիտության թանգարան, որը կարող է վերածվել հայ աստղագիտության պատմության թանգարանի»,- նշեց Արեգ Միքայելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան