Տնտեսական դիվանագիտությունը դեռևս չի աշխատում. տնտեսագետ
2019 թվականին Հայաստանում գրանցվել են որոշ հաջողություններ, սակայն կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չստացան։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով՝ տարին վատը չէր, ամեն դեպքում տնտեսական աճ գրանցվել է, 2019 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 7 տոկոսի չափով։
«Կարծում եմ, որ 2020 թվականն ավելի հեշտ տարի կլինի, քանի որ արագ զարգացման հիմքեր են դրվել»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Ըստ նրա՝ 2019 թվականին հանրապետությունում լուրջ աշխատանքներ են իրականացվել ճանապարհների բարեկարգման ուղղությամբ, ինչը կարևոր է, քանի որ ճանապարհները բավականին գումար են տանում բիզնեսից, իսկ բարեկարգ ճանապարհները զգալի թեթևացնում են բիզնեսի հոգսը։
Կարևոր քայլերից առանձնացրեց նաև այն, որ այս տարվա հունվարից մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը ազատվել է հարկերից, ինչը նշանակում է, որ ՓՄՁ-ների վիճակը կլավանա։
«Դրական քայլերից են նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ստվերի կրճատումը։ Կարևոր է նաև այն, որ չկա համակարգային կոռուպցիա, հատուկ շահերին սպասարկող օրենքներ չեն ընդունվում, ինչը, բնականաբար, դրական է ազդելու տնտեսության վրա»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Այդուհանդերձ, ըստ նրա, 2019 թ-ին կառավարությունը չկարողացավ իր կառուցվածքային բարեփոխումները լիարժեք ավարտել, արդյունավետության մոդել ստեղծել. «Դրա համար դեռևս կառավարությանը չեն վստահում, ներդրումների մասով էլ դեռ փայլուն ցուցանիշներ չունենք, թեև ակնկալվում է, որ այս տարի որոշակի շարժ կնկատվի»։
Գագիկ Մակարյանը նշեց նաև, որ կրթության ոլորտում կան լուրջ խնդիրներ, թե բուհերում, թե քոլեջներում կրթական մակարդակը ցածր է, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում։
«2020 թվականին կառավարությունը պետք է էքսպերտիզայի ենթարկի իր գործունեության էֆեկտիվությունը և որոշ նախարարների փոխի, որոշ նախարարություններում աշխատողների թիվն ավելացնի, որոշներում էլ՝ կրճատի, հակառակ դեպքում խնդիրներն այդպես էլ չեն լուծվի»,- ասաց նա։
Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ տնտեսական դիվանագիտությունը դեռևս չի աշխատում, մինչդեռ առանց դրա երկրում ներդրումներ չեն լինի։
«Դիվանագիտությունը պետք է այնպես լինի, որ կարգավորվեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունները երկրների հետ»,- ասաց նա։