«ԱՄՆ-Իրան հակամարտությունը ռազմավարական հարթություն է տեղափոխվելու»
«Ամերիկա-Իրան հարաբերությունների զարգացման առաջին փուլն ավարտված է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանի խոսքով, հակամարտության մարտավարական փուլը ավարտված է։ Թուրքագետը նշում է, որ այժմ հակամարտությունը ռազմավարական հարթություն է տեղափոխվելու։
«Այն շատ ավելի կարևոր խնդիրներ է քննարկելու, դրանցից ամենակարևորն այն է, որ ԻԻՀ-ը շատ հստակ հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ամերիկյան զինուժը Մերձավոր արևելքից դուրս բերելու համար։ Սա կարևոր ռազմավարական նպատակ է, որը կարևոր հետևանքներ կարող է ունենալ»,- նշեց Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա բանախոսը նշեց, որ Թրամփը իշխանության գալու ժամանակ ասում էր՝ որ ձգտելու է նվազեցնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում։
«Այս նպատակը չի կարողանում Թրամփը իրագործել, քանի որ ԱՄՆ բարձր ղեկավարությունը դեմ է դրան։ Սիրիայում նախորդ տարի հայտարարվեց, որ ամերիկացիներն իրենց զորքերը դուրս են հանում, բայց դա կիսատ մնաց։ Թրամփի այս մոտեցումը ես գնահատում եմ որպես շատ կարևոր ռամզավարական նշանակություն։ Աշխարհը հիմա մտնում է մի նոր խումբ, որի ընթացքում մեկ երկիրը հնարավորություն չի ունենա իր պոտենցիալը տարածել աշխարհի տարբեր տարածաշրջաններում և դրան հաղորդել ռազմական ներկայության տեսք»,- նշեց Սաֆրաստյանը։
Թուրքագետի խոսքով, Թրամփի նպատակը՝ պակասեցնել աշխարհում իր ռազմական ներգրավվածությունը, օբյեկտիվ է. «Բայց Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը շատ մեծ է, տարբեր ռազմակայաններ կան։ Եվ, ըստ էության, Իրանը շրջապատված է ԱՄՆ զինուժով։ Եթե Իրանն իր առջև դնում է այդպիսի խնդիր, նշանակում է՝ բախումը 2 երկրների միջև կտեղափոխվի ռազմավարական հարթություն։ Այնպես որ մոտակա 2-3 տարիներին Մերձավոր արևելքում հանգիստ չի լինի»,- նշեց Սաֆրաստյանը։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Մերձավոր արևելքում ունեցած ազդեցությանը՝ Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան իր զինուժով ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Սիրիայում. «Վերջերս Թուրքիայից հնչեց պաշտոնական հայտարարություն, որ Սիրիայի տարածքի 8000 կմ քառակուսին գտնվում է Թուրքիայի հսկողության ներքո։ Թուրքական 40 հազարանոց բանակը գտնվում է Կիպրոսում, այն ևս փորձում են դարձնել թուրքական։ Հիմա նաև Լիբիայի ուղղությամբ է տեղափոխվում թուրքական բանակը»,- նշում է Սաֆրաստյանը։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտնում է մի նոր փուլ, որն, ըստ Սաֆրաստյանի, զինուժի օգտագործումն է. «Այսինքն՝ Թուրքիան սկսում է փուլ, որը վտանգավոր է իր հարևանների համար։ Թուրքիան չի զլանում օգտագործել իր բավականին ուժեղ ռազմական պոտենցիալը։ Իսկ սա շատ վտանգավոր է»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-Իրան «խորհրդանշական պատերազմն» ու գաղափարական պայքարը՝ պարբերական թեժացումներով
- ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծ