«Դալմա»-ն վաղը չի աշխատի. Առևտրի կենտրոնի մեկնաբանությունը՝ տեղային ցնցումների մասին
Այսօր համացանցում տարածվել է տեղեկություն, ըստ որի Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում երկրաշարժ է նկատվել, որից հետո ԱԻՆ-ը հերքող հաղորդագրություն էր տարածել։
Քիչ առաջ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այնտեղ նկատված տեղային ցնցումների վերաբերյալ, որում մասնավորապես նշվում է, որ առևտրի կենտրոնը վաղը չի աշխատելու: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում`առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։
Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։
Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ այսօր ժամը 20։00-ի սահմաններում «Դալմա Գարդեն մոլում» ցնցումներ են նկատվել, սակայն սեյսմիկ կայանները երկրաշարժ չեն գրանցել։