ԱՄՆ դեսպանատունը ԱԻՆ-ին նվիրաբերել է 102 հազար դոլարի հրդեհաշիջման պարագաներ
ԱԻՆ շարահրապարակում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան կողմից ԱԻՆ-ին նվիրաբերված հրդեհաշիջման համար նախատեսված շուրջ 1500 միավոր գույքի և գործիքների (102.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱԻՆ-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:
Տիկին Լի Թրեյսին հույս է հայտնել, որ նվիրաբերված գույքը և գործիքները կնպաստեն ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների ավելացմանը:
«1500 միավոր հրդեհաշիջման գործիքները, որոնք նախատեսված են վայրի բնության հրդեհների դեմ պայքարելու համար, կնպաստեն նման հրդեհներին արձագանքելու ու հետևանքները մեղմացնելու կարողությունների զարգացմանը Հայաստանում։ Այս նվիրատվությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ հարաբերությունների հերթական օրինակներից մեկն է»,- մասնավորապես նշել է տիկին Լի Թրեյսին: