ԱԻՆ. «Դալմա Գարդեն Մոլում» տեղային ցնցումների միակ հիմնական վարկածը
Սեյսմիկ պաշտպանության և փրկարար ծառայությունների աշխատակիցները շարունակում են աշխատել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում:
«Շենքերի սեյսմակայնության վարչության աշխատակիցներն այս պահին տարբեր գործիքներով փորձում են համոզվել, որ այդ ամբողջ վիբրացիան գալիս է հիմնականում օդորակիչների համակարգից, որը տեղադրված է տանիքի տարբեր մասերում 10 և ավելի հատ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:
Նա նշեց, որ առևտրի կենտրոնի ղեկավարությունից խնդրել են այդ տեխնիկաների անձնագրերը:
«Պետք է հաշվարկենք հզորությունը, աշխատելու հաճախականությունները։ Վարկածներից մեկն այն էր, եթե մաշվածություն ունի, հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո էլ մյուս թևը մաշվածություն ունենա, և դա էլ կարող է վիբրացիա առաջացնել։ Բոլորս տանն ունենք կենցաղային տեխնիկա, օրինակ, լվացքի մեքենա, կա վիբրացիան և դրա մյուս տեսակն էլ հնարավոր է, որ դա է: Մեր միակ հիմնական վարկածը դա է»,- նշեց ԱԻՆ պաշտոնյան:
Նա ընդգծեց, որ շենքը նորակառույց է, կառուցված է նորմերով:
Հարցին՝ շենքի հետ կապված վտանգ չե՞ք տեսնում, Ս. Մարգարյանը պատասխանեց. «Ընդամենը տեխնիկայի աշխատանքի ազդեցությունն է շենքի վրա: Հիմա փորձում ենք հաշվարկել՝ ի՞նչ շարժիչներ են, ի՞նչ հզորությամբ, ո՞րն է իրենց գերակշռող հաճախականությունը, որպեսզի համոզված լինենք: Սարքերն ամբողջ գիշեր միացված են եղել, նայում ենք, առանձնապես ազդեցություններ չկան: Դեռ մինչև օրվա վերջ կարող ենք գրանցումներ անել, ալիքային պատկերները նորից նայել, 90 տոկոս հավանականությամբ այդ խնդիրն է, ուրիշ խնդիր չկա: Հավանաբար, այսօր երեկոյան ուսումնասիրությունները կավարտենք, ևս մեկ անգամ եզրակացություն կանենք»:
Պատասխանելով հարցին, թե վարկած կա, որ հարակից տարածքներում իրականացվող շինարարության հետևանք կարող է լինել, նա ասաց. «Վարկած է, բայց մյուս կողմից եթե հարակից տարածքում է, պետք է շենքի տարբեր հատվածներում զգացվեր, բայց զգացվել է մի տեղ, մի խանութում շատ, հարակից խանութում ավելի թույլ: Ենթադրաբար տեխնիկան, որ դրված է, մեկի վրա շատ է ազդում, մյուս վրա քիչ»:
Ս. Մարգարյանը նշեց, որ շարունակական ցնցումը զգացվել է երկրորդ հարկում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Դալմա Գարդեն մոլում» արձանագրվել էր տեղային ցնցումներ, մարդիկ տարհանվել էին: ԱԻՆ-ից հաղորդել էին, որ Հայաստանի տարածքում երկրաշարժ չի գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- «Դալմա»-ն վաղը չի աշխատի. Առևտրի կենտրոնի մեկնաբանությունը՝ տեղային ցնցումների մասին
- Հայաստանում երկրաշարժ չի սպասվում.ԱԻՆ-ը հերքում է տարածել