Դաշնակցական 11 գործիչներ դատական հայց են ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ
ՀՅԴ տասնմեկ անդամներ ստորագրել են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցի ներքո։
Դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն, նրանց պահանջը վերաբերում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելուն, ինչպես նաև զրպարտության համար փոխհատուցում վճարելուն։
Հայցը հունվարի 8-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
Yerkir.am-ի փոխանցմամբ, հայցի համար հիմք է հանդիսացել Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի մասին հնչեցրած ելույթը, որտեղ մասնավորապես նշել էր. «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։
ԱԺ պատգամավոր Բաբաջանյանի դեմ հայց է ներկայացրել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Նրա պահանջը պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման մասին է։ Գործը մակագրված է դատավոր Արշակ Պետրոսյանին։
Արման Բաբաջանյանի նկատմամբ հայցերն այսքանով չեն սահմանփակվում։ Տրանսպորտի նախկին նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանն էլ դատարանի միջոցով Բաբաջանյանից պահանջում է պատվի և արժանապատվության պաշտպանություն։ Այն մակագրված է դատավոր Արմեն Դանիելյանին։
«Անդրանիկ Ենոքի Մանուկյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն և հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտչական տեղեկություններ տարածելու համար պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին»,-մանրամասնում են համակարգից։
Դատաքննությունը նշանակված է հունվարի 22-ին։