Համազգային թատրոնի համար 2019-ն աննախադեպ էր
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գնահատմամբ, 2019 թվականը թատրոնի համար շատ բեղմնավոր էր. ունեցել են յոթ առաջնախաղ մեծ բեմում և 8 թատերականացված ընթերցանություն փոքր բեմում:
«Ցանկացած թատրոնում 7 պրեմիերան աննախադեպ է: Մենք ոչ միայն քանակի վրա ենք շեշտը դրել, նաև որակի: Ոմանք կարծում են, որ եթե այդ քանակի ներկայացումներ ենք բեմադրել, հաստատ որակը տուժել է: Բայց այդպիսի բան չկա, այս մեկ տարվա մեր բոլոր ներկայացումները մեկը մյուսից հետաքրքիր ու յուրատեսակ են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա.Նավասարդյանը:
Դեկտեմբերի 25-ին ներկայացվել է 2019-ի վերջին պրեմիերան՝ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմադրած «Փափլիկը»: Հունվարի 13-14-ին թատրոնը կսկսի իր 2020 թվականի ընթացքը հենց այդ ներկայացմամբ:
Թատրոնը, Ա. Նավասարդյանի խոսքով, հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Արցախում, բազմաթիվ երկրներում:
Ասուլիսին ներկա թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքը պետք է շարունակեն նաև այս տարի:
«Անցած տարի ամենակարևոր քաղաքակնությունն այն էր, որ թարմացվեր խաղացանկը: Շատ հին ներկայացումներ կային խաղացանկում, ձեռքս գնացել է ու մի քանի ներկայացում հանել եմ, դրանք պետք է նորերով փոխարինեինք: Այս տարի, կարծում եմ, պետք է մի քիչ էլ վայելքի տարի լինի, այսինքն վայելենք մեր ստեղծածը»,- նշեց նա:
Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում մասնակցելու են տարբեր փառատոների, առաջինը՝ փետրվարին Կիպրոսում, այնուհետև Բելառուս, Պետերբուրգ:
«Կարծում եմ՝ փառատոնը փառատոն կբերի: Մենք կարևորում ենք, որ մեր թատրոնը լինի աշխարհի թատրոններից մեկը: Իհարկե, հայ հանդիսատեսը մեզ համար կարևոր է, սակայն աշխարհի հետ միշտ պետք է կապն ազատ լինի՝ մենք տեսնենք իրենց թատրոնը, իրենք մերը: Փառատոները դրա լավագույն հնարավորությունն են»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նա նշեց, որ այս տարի փառատոներում ներկայացնելու են նաև «Լոռեցի Սաքոն», որի մեջ կան հայկական ժողովրդական երգեր, Կոմիտաս, հայոց լեզու, Թումանյան՝ ու «այդ ամենը մեր ժողովրդական գույներով ու շատ փառաոնային»:
Նարինե Գրիգորյանն ասաց, որ հաճախ դրսում պարտադրում են, որ ներկայացումը խաղալ ռուսերեն, բայց ինքն անպայման ներառում է հայերեն խոսքը. «Հանդիսատեսն էլ է ուզում լսել հայերեն խոսք: Շնորհակալություն են հայտնում հայերենի համար, միշտ հիացած են լինում մեր լեզվով: Գերմանիայում խաղում էի Արցախի պատերազմի մասին «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը: Ցավալի է, բայց բացարձակ չգիտեին այդ պատերազմի մասին»:
Նա տեղեկացրեց, որ այս տարի լինելու է ամերիկյան պիեսների թատերականացված ներկայացումները (2019-ին ֆրանսիական պիեսներ էին), իսկ մեծ բեմի համար սկսել են Վուդի Ալենի «Ճախրող լամպի» փորձերը, բեմադրում է ուսանող, իսկ Նիկոլ Ծատուրյանը բեմադրելու է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» աշխատանքը, անպայման կլինի մանկական ծրագիր կլինի:
Ինչ վերաբերում է թատրոնի շենքին, որի շինարարական աշխատանքներն ընթանում են, Արման Նավասարդյանը հույս հայտնեց, որ այս տարի արդեն կունենան իրենց շենքը, որի մասին երազել են տարիներ շարունակ:
«Կառուցապատողը պարտավորվել է անել թատրոնի ամեն ինչը, բացի սպեցիֆիկ սպառազինությունից, որի մեջ մտնում է լուսային և հնչյունային սարքավորումը, բեմի մեխանիկական մասը: Դա պետք է, փաստորեն, մենք կազմակերպենք: Փորձում եմ գտնել հովանավորներ»,- ասաց թատրոնի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնն ուզում է աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում «պոռթկա»,« բռնկվի» ու «խլրտա»
- Արման Նավասարդյանը կմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
- Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի
- Այնպես չէ, որ՝ վախ պաշտոն, այլ՝ վայ մամա ջան. Նարինե Գրիգորյան
- Թատրոնը պետք է ժամանակակից մարդուն շատ հետաքրքիր դառնա. Նարինե Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան