Հիմա էլ գործազուրկներին ու աղքատներին են «հակահեղափոխական» հռչակում. Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է երկրի սոցիալական չլուծված խնդիրներին,մտահոգություն հայտնելով, որ այժմ գործազուրկներն ու աղքատներն են «հակահեղափոխական» հռչակվում: ՀՅԴ-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Առիթներ ունեցել ենք շատ անգամներ բերելու առարկայական փաստեր առ այն, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:
Իշխանափոխությունից հետո էլ պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը.
- սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական բարեփոխումների հետաձգում, համակարգային կառավարման բացակայություն,
- պետական ոլորտի աշխատատեղերի կրճատումներ, պետական կազմակերպությունների լուծարումներ, պետական աշխատավարձերի խոստացված բարձրացման փոխորեն՝ միայն բարձրաստիճան իշխանավորների վարձատրության եռապատկում,
- երկրի միջին աշխատավարձի աննշան (5-6 տոկոս) աճ և 25 տոկոս աշխատող աղքատների պահպանվող ցուցանիշ,
- արտագաղթի հետևանքով աշատանքային ռեսուրսների էական կրճատում (միայն 2019թ. շուրջ 52 հազարով),
- ստվերից դուրս բերված աշխատատեղերի ներկայացում՝ որպես նոր ստեղծված աշխատատեղեր, իսկ իրականում 2019թ. գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության իրական պատկերիԱ վրա չունի ուղղակի ազդեցություն,
- ցածր աշխատավարձ ստացողների իրական եկամուտներն առաջանցիկ ավելացնելու խոստումները կատարելու փոխարեն՝ եկամտային հարկի համահարթեցում և միայն բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռի էական նվազեցում,
- զուգահեռաբար՝ անուղղակի հարկերի բեռի ավելացում և առաջնային սպառման ապրանքների գնաճ,
- զբաղվածության պետական ծրագրերի թերակատարում՝ 2018թ. 75 տոկոս, 2019թ. 50 տոկոս:
Զբաղվածության պետական ծրագրերի միջոցով 2019թ. կայուն զբաղված են դարձել գործազուրկների ընդամենը 1 տոկոսն այն դեպքում, երբ նրանց շուրջ 30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում և ակտիվ փնտրում են աշխատանք:
Հետևաբար՝ նրանք պառկած չեն իրենց դիվանին, մտածում են աշխատելու և աղքատության ճիրաններից դուրս գալու մասին, այլ ոչ թե աղքատ լինելու մասին: Սակայն այդպես էլ չեն գտնում աշխատանք՝ թափուր աշխատատեղերի և պետական անհրաժեշտ աջակցության բացակայության կամ պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետևանքով:
Այս ֆոնին բազմաչափ աղքատությունը շարունակում է արմատավորվել՝ հակառակ օրվա իշխանությունների հռչակած սոցիալական կարգախոսերի: Մասնավորապես, 2017թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշը:
Փաստ է՝ տնտեսական աճի արդյունքները ինքնաբերաբար չեն մտնելու յուրաքանչյուր քաղաքացու տուն և չեն փոխելու յուրաքանչյուրի կյանքի որակը: Պետությունը պետք է ստանձնի ոչ միայն կոռուպցիայից զերծ տնտեսվարման պայմաններ ապահովողի դեր, այլ պետք է ունենա լիարժեք մասնակցություն և պարտավորություններ՝ աղքատությունից զերծ, համերաշխ հասարակություն ունենալու գործում: Օրինակ՝ աշխատաշուկայում անմրցունակ յուրաքանչյուր գործազուրկի պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:
Այս դեպքում միայն արդարացված կլինի պետության կողմից քաղաքացիներին ուղղված պահանջը՝ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը: Հակառակ դեպքում՝ այդ պահանջը դառնում է սպառնալիք: Բացարձակ անընդունելի է դառնում նաև գործազուրկ դարձած քաղաքացու նախկինում վճարած հարկերից բարձրաստիճանների աշխատավարձերի եռապատկումը: Նաև այն պաշտոնյաների, որոնք պատասխանատու են մարդկանց կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն ուղղված պետական աջակցության համար:
Այս ընթացքով ոչ թե մեր կյանքի իրողությունները մի օր կհամապատասխանեն Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը «կսրբագրվի» և կդառնա առկա իրողությունների արտացոլումը:
Ավելորդ չէ նորից հիշեցնել, որ մեր երկրի Սահմանադրությամբ դեռևս ամրագրված է՝ Հայաստանը սոցիալական պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է հանդիսանա սոցիալական շուկայական տնտեսությունը, ոչ թե վայրի կապիտալիզմը: Պետական քաղաքականությունն էլ պետք է ուղղված լինի ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը, ոչ թե իրենց սոցիալական խնդիրների համար մարդկանց մեղադրելուն և դրանց լուծման համար կրավորական պահանջներ դնելուն: Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան