«Իրաքի քրդաբնակ հատվածներում իրանցիներն ակտիվացնելու են իրենց գործողությունները»
«Ղասեմ Սոլեյմանին իր մահով կարողացավ համախմբել Իրանի հասարակությանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ոսկանյանի խոսքով, զորահրամանատարի սպանությունը, ըստ էության, ջուրը գցեց ԱՄՆ զանազան կառուցակարգերի տարիներ շարունակ իրականացրած աշխատանքը՝ հասնելու Իրանի ներսում քաղաքական ցնցումների։
«ԱՄՆ-ն աշխատանքներ է իրականացրել Իրանի ներսում ստեղծել սոցիալական բողոքի ալիք, հասնել նրան, որ այն վերաճի իշխանությունների և բողոքավոր զանգվածի միջև բախումների, ստանալ զոհեր և դրա հիման վրա տապալել երկրի օրինական իշխանություն»,- նշեց Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով, բնական է, որ այս սպանությունից հետո իրանական հասարակությունը խիստ համախմբված է և սոցիալական բողոքի գործողությունների մակարդակը զգալիորեն պակասել է. «Մենք հիմա ունենք Իրան, որն արտաքին վտանգի առաջ համախմբվել է: Այս իմաստով Սոլեյմանին իր մահով մինչև հիմա ծառայում է իր ժողովրդին»:
Շիայական իսլամում ընդունված է սգո քառասունքը, և այդ ընթացքում կոնկրետ մարդուն սպանածի հետ բանակցությունները բացառվում են։ Վարդան Ոսկանյանը նշում է, որ այդ ընթացքում ոչ ոք չի գնա ԱՄՆ-ի հետ բանակցությունների։
ԱՄՆ-Իրան հակամարտություններում, Ոսկանյանի համոզմամբ, Իրանն օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները՝ հասնելու իր հիմնական խնդրին՝ Մերձավոր արևելյան տարածաշրջանում կրճատելու ԱՄՆ զինված ներկայությունը։
«Հրթիռակոծումը ինչ-որ չափով սգո արարողության «հրավառությունն» էր, հարգանքի տուրքն էր զոհված գեներալին։ Բայց բուն քաղաքական դաշտում իրանցիներն արդեն իսկ ձեռնարկել են այդ գործողությունները և դրանք կանխատեսելի էին։ Իրաքի խորհրդարանի ընդունած որոշումը՝ ԱՄՆ զորքերի դուրս բերման կապակցությամբ, որը բոյկոտեցին Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավորները։ Էլբիրի հատվածում հրթիռակոծումը, կարես թե, պատասխանն էր այդ բողոքի»,- նշեց Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով, Իրաքի քրդաբնակ հատվածներում իրանցիներն ակտիվացնելու են իրենց գործողությունները. «Քրդերը բավականին անհանգստացած են Իրանի ազդեցության աճից, որովհետև գիտեն՝ Իրանը անզուգաչափ պատասխաններ է տալիս»։
Ինչ վերաբերում է նոր հարվածներին, ապա Ոսկանյանը կարծում է, որ Իրանի կողմից դրանք առաջիկայում բացառվելու են։
«Մոտավորապես 10 արբանյակ կառույցներ կան Մերձավոր արևելքի տարածքում, որ աշխատում են Իրանի հետ սերտ գործակցության մեջ։ Ընդ որում, դրանք ունեն բավականին ազդեցիկ զինված հնարավորություններ։ Իրանցիներն օգտագործելու են այդ արբանյակ կառույցները՝ սեփական նպատակներին հասնելու»,- ասաց Վարդան Ոսկանյանը։