Վրաստանի էկոնոմիկայի նախարարն արձագանքել է ՀՆԱ-ի ցուցանիշի վերաբերյալ հայտարարություններին
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է այն հայտարարություններին, որ Վրաստանը ՀՆԱ-ի ցուցանիշով հետ է մնում տարածաշրջանի երկրներից՝ մասնավորապես Հայաստանից։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի ցուցանիշով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիր»։
Վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն այս գրառումից հետո հայտարարել էր. «Վրաստանը կորցնում է առաջատարի դիրքը տարածաշրջանում. «Մենք արդեն կորցրել ենք մեր տնտեսական դիրքը մեր տարածաշրջանում: Իհարկե, մենք գոհ ենք մեր հարևան երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հաջողություններից, բայց միևնույն ժամանակ կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը։ Վրաստանի տնտեսությունը կանգ է առնում, և Վրաստանի ներքին և արտաքին պարտքը վերջին 7 տարում աճել է 2,5 անգամ ՝ հասնելով 22,5 միլիարդ լարի»։
Ի պատասխան այս հայտարարությունների Վրաստանի կառավարության նիստից հետո, երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ասել է.
«Դա սխալ գնահատական է, քանի որ դրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ:
Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում:
Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»։
2019 թվականի նոյեմբերի 15-ին Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը սկսեց ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդոլոգիայի՝ SNA 2008 ներմուծումը: Մինչ այդ Վրաստանի ՀՆԱ-ն հաշվվում էր SNA 1993-ի մեթոդոլոգիայով։