«Ժողովուրդ». Ինչու Ռազմական ոստիկանության կոչումով ցածր պաշտոնյաները պարգևավճար չեն ստացել
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Ինչպես հայտնի է, պետական գրեթե բոլոր գերատեսչությունների աշխատակիցներն ամանորյա պարգևավճարներ են ստացել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կան գերատեսչություններ, որտեղ ոչ բոլոր աշխատակիցներն են պագևավճարներ ստացել, և դա նաև դժգոհության առիթ է հանդիսացել:
Մեր տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունում ոչ բոլոր աշխատակիցներն են պարգևավճարներ ստացել, մասնավորապես՝ կոչումով ցածր պաշտոնյաները պարգևավճար չեն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչու է կառույցում նման տարանջատում եղել: Վերջինս մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառույցում պարգևատրումներն ամբողջական չեն եղել, սակայն ընդգծեց, որ պարգևավճարներ լինելու են նաև հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը:
«Պարգևավճարներ եղել են. այն աշխատակիցները, որոնք չեն ստացել, կստանան հունվարի 28-ին: Պարզապես կոդային տարբերակում է եղել, ոչ թե կոչումային»,-նշեց Բաղդասարյանը:
Իսկ մեր հարցին՝ Դուք պարգևավճար ստացե՞լ եք, Բաղդասարյանը ընդգծեց. «Ես երբևէ ինձ չեմ պագևատրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում