Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներով
Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով և երաժշտական կոլեկտիվին ընդունել է աննախադեպ ջերմությամբ: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 10 համերգով վերջին օրերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարբեր քաղաքներում էր: Կոլեկտիվի՝ չինական առաջին շրջագայությունն անցել է մեծ հաջողությամբ: Այս մասին վստահեցնում են նվագախմբի հանրային կապերի բաժնից։
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը շեշտում է՝ շրջագայությունն անցացվել է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում:
Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից մինչև Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտ, Մոցարտի Կլարնետի կոնցերտից (մենակատար՝ Թոնի Շեն) մինչև Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ». 10 համերգը շրջանակում ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ չինացի ունկնդրին ներկայացվել են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ինքնատիպ գործերը:
«Եվ որ հատկապես կարևոր է՝ համերգներին հնչել է հայ կոմպոզիտորների գրված երաժշտությունը: Որպես Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ ազգային արժեք ներկայացնող կոլեկտիվ, մեզ համար կարևոր է տարածել հայ երաժշտությունն ամբողջ աշխարհում՝ այդպիսով ապահովելով նաև մեր երաժշտության հանրահռչակումը»,-նշում է Արման Պադարյանը՝ հավելելով, որ կոլեկտիվը չինական բոլոր քաղաքներում աննախադեպ ընդունելության է արժանացել:
Չինաստանում կայացած հյուրախաղերը կազմակերպվել էին Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների, ՀԲԸՄ-ի, «Իմ քայլը» հիմնադրամի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանության՝ ի դեմս ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի, և այլ բարերարների աջակցությամբ:
Այս հյուրախաղերի կազմակերպումը հայ-չինական բարեկամության ամրապնդմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ էր, որն, անկասկած, կունենա իր հետագա շարունակությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չինաստանում է
- Բեռլինում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա