«Ժողովուրդ». Իշխանական խմբակցությունը որոշել է շարունակել փակ հանդիպումները գործադիրի ներկայացուցիչների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները:
Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հետ: Մենք տեղեկացանք նաև, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և իմքայլականների միջև:
Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում, ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին ու բարձրաձայնել հարցեր, որոնք կապված են այդ երկու կառույցների հետ:
Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հաստատեց կառավարության անդամների հանդիպման հանգամանքը:
«Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, ու կարծում եմ, որ այն օգտակար է երկու կողմերի համար՝ ե՛ւ գործադիր մարմնի, ե՛ւ օրենսդիր մարմնի համար»,-նշեց նա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում