«Հրապարակ». Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» նախագահից ազատվելու համար
«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով այսօր գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները:
Hraparak.am-ի՝ կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի մոտ կայացած ժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրենի ժ.պ. Էդուարդ Մարտիրոսյանը, Ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Ներկա է եղել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանությանը ևս ակտիվորեն ներգրավել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: Հրահանգված է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ:
Այսօր քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին: Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա:
Մեզ հաջողվեց պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով:
Իշխանություններին ու անձամբ Փաշինյանին խիստ վրդովեցրել է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր մինչ այս պահը չի ներկայացրել հրաժարական՝ օգտվելով վաղաժամ կենսաթոշակի օրենքից: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է ուժայիններին իջեցված խիստ հրահանգը: Հավելենք, որ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կառավարություն: Մեր հարցման պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան