Վարորդների շուրջ 80%-ը տարեկան 3-5 խախտում է անում, և նրանք վարորդական իրավունքից չեն զրկվի. Ղահրամանյան
«2016 թվականից սկսած ՃՏՊ-ների հետևանքով մահերի տարեկան թիվը 300-ը գերազանցում էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։
Ղահրամանյանի խոսքով, Ճանապարհային ոստիկանության՝ հունվարի 1-ից գործող տուգանքների բալային համակարգը երթևեկության վերահսկումն ավելի է ամրապնդում։
100 խախտումներից միայն 25-ն են տուգանվելու և դրանց պատիժներից 28-ի ֆինանսական բեռը պակասեցվել է. «Բայց այս դեպքում էլ, օրինակ, թույլատրելի առավելագույնից ավելի բարձր արագությամբ երթևեկելու համար միանգամից զրկում են վարորդական իրավունքից, բայց ոչ մի դրամ պատիժ չկա»։
Ղահրամանյանը նշում է, որ հայկական իրականությունում երթևեկության կանոնների խախտման դեպքում գումարային տուգանքները ազդեցություն չեն ունենում։
«Կան մարդիկ, ովքեր տարեկան 200-400 խախտում են անում, և տուգանքը պարտաճանաչ վճարելուց հետո էլի վարում էին, և դա իրենց ձեռնտու էր։ Բացի այդ, մարդկանց մի խումբ էլ կա, որ 1000-ավոր խախտումներ է անում, բայց համարվում է սնանկ և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Հենց այս պայմանները երթևեկության ոլորտում ստեղծում էին անպատժելիության զգացում։ Ընդ որում, խախտումների մեծ մասը գիտակցաբար էր արվում»,- նշեց Ղահրամանյանը։
Տուգանային միավորներ չունեն այն խախտումները, որոնք հիմնականում կախված են երթուղու լուսավորությունից, փոսերից, ասֆալտի վիճակից։ Այսինք՝ այն խախտումները, որոնք պայմանավորված չեն մարդկային գործոնով, տուգանային միավոր չեն ստանում։
«Պատահաբար չես կարող ալկոհոլ օգտագործած լինել և նստել մեքենայի ղեկին, կամ հեռախոսով խոսելով, առանց ամրագոտի վարել։ Հատկանշական է, որ ըստ վտանգավորության աստիճանի, նախորդ տարիներին առավել շատ զոհեր եղել են բարձր արագության, ալկոհոլ օգտագործելուց հետո երթևեկելու հետևանքով»,- նշում է Ղահրամանյանը։
Կարմիր լույսի դեպքում կանգ չառնելու համար սահմանվում է տուգանային 2 միավոր։ Բայց խախտման համար վճարով վարչական տուգանքը 50 հազարից իջել է 25 հազար դրամ. «Մեր մոտ շատ քիչ են դեպքերը, որ կարմիր լույսի տակ վարելու դեպքում վթար առաջանա և զոհեր լինեն։ Տվյալ պայմաններում ինքնանպատակ կլիներ, եթե դրա համար միանգամից վարորդական իրավունքից զրկում նախատեսեին»։
Ղահրամանյանի համոզմամբ, վարորդների շուրջ 80%-ը տարեկան 3-5 խախտում է անում, և նրանք վարորդական իրավունքից չեն զրկվի։
«Ընդհանուր առմամբ վարորդների մեծամասնությունը կարգապահ է։ Վարորդների 10 տոկոսը միայն տարեկան 50, մի փոքր հատվածը՝ մինչև 100 խախտում, և մոտ 1 տոկոսը՝ անհաշվելի խախտում կարող է անել»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին