ՊԵԿ-ում այս տարի պարգևավճարները կազմել են 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդի փոխարեն
Պետական եկամուտների կոմիտեում պարգևավճարներ ստացել են բոլորը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այս տարի պարգևավճարների աղմուկն այդքան մեծ չէր, որքան անցած տարի, թեև այս տարի դրանք կազմել են 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդի փոխարեն:
Նրա խոսքով՝ հանրության հետ երկխոսելու և որոշակի մտքեր հայտնելու անհրաժեշտություն կար, քանի որ շատ դեպքերում հանրությունը բարձր եկամուտ ունեցողի նկատմամբ որոշակի վերապահում ունի. «Դա լավ ճանապարհ չէ և լավ տեղ չի տանում: Խնդրին անդրադարձավ նաև վարչապետը, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, ապա պետք է կարողանանք ապահովել մասնավորի հետ որոշակի ֆինանսական մրցակցություն: Օրինակ, հարկային մարմնում շատ դեպքերում վարչության պետերը մասնավոր հատվածում պատրաստի ֆինանսական տնօրեններ են, գլխավոր հաշվապահներ են, իսկ դուք գիտեք, որ մասնավոր հատվածում այդ մասնագիտությունները պահանջված են և բավականին բարձր են վարձատրում»։
Դավիթ Անանյանը հայտնեց, որ ՊԵԿ-ում 2019 թվականին 967 հոգի ազատվել է աշխատանքից՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում: «2019-ին մեր կադրերը համալրել ենք 600 աշխատակցով, սերնդափոխություն կարողացել ենք անել, բայց, ցավոք սրտի, եղել են այնպիսի մասնագետներ, որոնք գնացել են մասնավոր հատված»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը նշեց նաև, որ այսօր հանրության շրջանում պարգևավճարների հարցը ընդգծված սուր քննադատության առիթ չդարձավ զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարության որդեգրած քաղաքականությունը, այսինքն՝ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող անձը պետք է ունենա այնպիսի վաստակ, որ մտածի միայն ճիշտ որոշումներ կայացնելու մասին: