Լիկա Թումանյան. Երիտասարդ դստերը ներքաշել նման իրավիճակի մեջ, չեմ կարծում, որ ինքնանպատակ է
Ընդամենը տեղի է ունենում քաղաքական դիսկուրսի վերացում։ Լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածին ու դրան հետևած արձագանքներին՝ նման պնդում արեց «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը։
«Քաղաքական դիսկուրս չկա։ Գոյություն չունի։ Բոլոր շեմերից ցածր զրույցներ են քաղաքական օրակարգը շեղելու նպատակով։ Այլ կերպ ես այս ամենը գնահատել չեմ կարող, քանի որ ընտանիքին, երիտասարդ դստերը ներքաշել նման իրավիճակի մեջ, չեմ կարծում, որ ինքնանպատակ է։ Սրա հետևում կան այլ նպատակներ»,-ասաց նա։
Լ. Թումանյանի համոզմամբ, նման հրապարակումների առաջնահերթ նպատակը հասարակության ուշադրության շեղումն է գլխավոր հարցերից, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակից, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից։
«Մենք մինչև հիմա էլ չենք հասկանում, կա՞ն բանակցություններ, թե՞ ոչ։ Ի՞նչ Մարիամիկ, ի՞նչ նամակագրություն, ինչի՞ մասին եք խոսում։ Այս բոլորը թողնենք ու գանք ձեզ համար թիթեռնիկ նկարե՞նք»,-ասաց բանախոսն ու նկատեց, որ դրանք գուցե ներանձնային հարաբերություններ են, որին հասարակությունը պարտավոր չէ հետևել։