Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները
Մինչ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հայտարարում է՝ լավ ապրելու համար պետք է աշխատել, առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ բժիշկներին գործազուրկ թողնելու։
ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, մարզային առողջության 9 կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների համար։ Ծննդատների դեպքում ԱՆ որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանվել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն։
«Բայց ո՞վ է ասում, որ ռայոններում տարեկան 150 ծնունդ պիտի լինի։ 2018 թվականի համեմատ Եղվարդի ծննդատանը ընդունված ծնունդները 17-ով ավելացել են։ Ունեցել ենք 136 ծնունդ»,- նշում են ծննդատան բուժաշխատողները։
Եղվարդի ծննդատան աշխատակիցներն ասում են, որ ծնունդների թվի նվազման պատճառ կարող է լինել նաև այն հանգամանքը, որ ծննդատունը տեղափոխվել է, և շատ ծնողներ չգիտեն այդ մասին։ Նրանք նշում են, որ եթե փակելու ծրագիր կար, ապա դա պետք է արվեր այն ժամանակ, երբ իրենք աշխատում էին, իրենց բնորոշմամբ, անմարդկային պայմաններում։
«Իսկ հիմա արդեն 3 ամիս է՝ ամեն ինչով ապահովված ծննդատուն ունենք, պիտի սա փակեն, մենք անգործ մնանք, իսկ Երևանում հիվանդանոցները գերհագեցած դառնա՞ն։ Էդ դեպքում կարո՞ղ են ծննդկանին անհրաժեշտ ուշադրություն հատկացնել։ Բոլորս էլ մարդ ենք, հանգստի կարիք ունենք, բժիշկը չի կարող անընդհատ ուշադիր լինել»,- փաստում են Եղվարդի ծննդատան աշխատակիցները։
Եղվարդի «Նաիրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Նազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ծննդատան լուծարման վերաբերյալ իրենք դեռևս պաշտոնական գրություն չեն ստացել. «Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որ ծննդօգնության կարգավորումը լինի բարձր մակարդակով»։
Վերջինիս խոսքով, կախված հղիության ընթացքից և խնդրի աստիճանից, հղի կանայք հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ բուժհաստատությունը։ Այնուամենայնիվ, Եղվարդին ամենամոտ համայնքը, որտեղ հղի կանայք կստանան բուժօգնություն, գտնվելու է ամենաքիչը 15 կմ հեռավորության վրա՝ Երևանում։
Արմեն Նազարյանը նշում է, որ իրենք շտապ օգնության մեքենաներ են տրամադրելու հիվանդանոց դիմած բոլոր հղիներին, որպեսզի վերջիններս տեղափոխվեն անհրաժեշտ բուժհաստատություն։
Մինչ Եղվարդում լուծարվող ծննդատան աշխատակիցները դժգոհում են ստեղծված «անարդար» իրավիճակից, Աչաջրի նորոգված և բարվոք ծննդաբերական բաժանմունքում 2020 թվականի հունվարի 1-ին, 2-ին և 3-ին երեք ծնունդ են ընդունել, ի հեճուկս ծննդատան լուծարման հանգամանքի։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող և հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը ևս 2020 թվականի հունվարի 1-ից պետական ֆինանսավորում չի ստանում։
Բժշկուհի Նունե Ներսիսյանը նշում է, որ Աչաջուրի բժիշկների ինքնագործունեությունը կարող է իրավական հետևանքներ ունենալ. «Մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որ այսպես են վարվում բժշկի հետ։ Բայց բժիշկը տալիս է Հիպոկրատի երդում և չի կարող օգնություն ցույց չտալ։ Բացի այդ, բժիշկները 3 օր առաջ են հեռուստատեսությունից տեղեկացել, որ այլևս չեն ֆինանսավորվելու։ Այսինքն, եթե նույնիսկ իրավական քայլ լինի, իրենք կարող են նշել, որ գրավոր ծանուցում չեն ստացել, թեև նախարարությունը 2 ամիս առաջ պետք է գրավոր ծանուցի»։
Ներսիսյանի խոսքով, նախարարությունը որդեգրել է կարգախոս՝ «մահը ցուցանիշ չէ»։
«150 ծննդի հաշվարկը չգիտեմ ինչ տնտեսական վերլուծություններով են արել, քանի որ 5500 բնակիչ ունեցող Աչաջուրը մոտ 90 ծնունդ ունեցել է, թեև նախորդ տարի առաջին 3 ամիսներին ծննդատունը չի աշխատել, քանի որ ասել են՝ այն լուծարվելու է»,- նշեց Նունե Ներսիսյանը։
Նույն ճակատագրին է արժանացել Մարալիկի ծննդատունը։ 17 գյուղական համայնքներին սպասարկող ծննդատունը այս հունվարից այլև չի ֆինանսավորվելու։ Արդյունքում, 12 բուժաշխատողներ գործազուրկ կդառնան։
Առողջապահության նախարարությունը ծննդատան լուծարումը հիմնավորում է ծնունդների նվազման հանգամանքով։ 2018 թվականի համեմատ 2019 թվականին գրանցված ծնունդները նվազել են 50-ով։
Այս դեպքում Մարալիկի և հարակից 17 գյուղական համայնքների բնակիչներ ստիպված են լինելու գնալ Գյումրի կամ Արթիկ՝ կտրելով 12-27 կմ ճանապարհ։ Նշենք, որ Գյումրի-Մարալիկ երթուղային միկրոավտոբուսի ուղեվճարը 300 դրամ է, իսկ Արթիկ-Մարալիկ երթուղայինինը՝ 200 դրամ։
Սա՝ եթե հղին մենակ է գնում։ Այնինչ շատ հաճախ անհրաժեշտ կլինի նրան ուղեկցել։ Եթե ֆինանսական պահով անգամ դա ընդունելի տարբերակ է, ապա հնարավոր է, որ միշտ հղին կգտնի իրեն ուղեկցող։
Տեղեկություններ կան, որ լուծարման եզրին է նաև Վարդենիսի ծննդատունը։ Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ ծանուցում չեն ստացել՝ ծննդատան լուծարման հետ կապված։
«2019 թվականին մեր մոտ 247 ծնունդ է գրանցվել։ Նախորդ տարի ևս այդքան ծնունդ ենք ունեցել։ Ճիշտ է, վերջին տարիների ամսական ծնունդները նվազել են՝ 20-25 ծնունդ ենք ունենում, բայց 150-ի շեմը հատում ենք»,- նշեց Հովիկ Սարգսյանը։
Վերջինիս խոսքով, եթե Վարդենիսի ծննդատունը չգործի, հղի կանայք ստիպված են լիելու 30 կմ ճանապարհ անցնել, որպեսզի հասնեն մոտակա համայնքի՝ Մարտունու ծննդատուն. «Վարդենիս-Մարտունի տրանսպրոտ չկա, մարդիկ պետք է իրենց մեքենաներով հասնեն ծննդատուն։ Մարտունու ծննդատունը համարվում է ավելի բարձր կարգի, և ուղեցույցներով տրված է, եթե տեղափոխման հարց կա, շտապ օգնության մեքենայով կտեղափոխվի, եթե հիվանդանոցում է պառկած ծննդկանը։ Բայց տնից գնալու դեպքում պետք է իր միջոցներով հասնի հարևան համայնք»։
Համաչափ զարգացան և դեմոգրաֆիկ աճի մասին խոսելուն զուգընթաց կառավարությունը որդեգրել է մարզային հիվանդանոցները և ծննդատները «անդամահատում» սկզբունքը։ 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որով նախարարությունը, ընտրելով ամենահեշտ տարբերակը, հիվանդ ատամը ոչ թե բուժելու, այլ հեռացնելու է։
Հարակից հրապարակումներ`
- Եղվարդցիները հիվանդանոցի տարածքում կհավաքվեն նաև վաղը
- Մարալիկի փակված ծննդատանը բժիշկները անվճար են աշխատում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին