Քաղավիացիայի կոմիտեի նախագահ. Նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ
«Որպես քաղավիացիայի կոմիտե՝ մենք պարտավոր ենք հայտարարել որևէ ռիսկ, որ կարող է առաջանալ չվերթի ընթացքում: Բայց ի վերջո ավիաընկերությունն է թռիչքային անվտանգության պատասխանատուն և ինքն է որոշում կայացնելու՝ մեր խորհուրդները լսելու, թե ոչ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով կոմիտեի այսօրվա հայտարարությանը, որի համաձայն՝ «կոմիտեն խորհուրդ է տալիս ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը»:
Նա նշեց, որ նման հայտարարություն չէին անի, եթե որևէ վտանգ չլիներ. «Շատ սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, խորհուրդը գալիս է միջազգային կառույցներից, որ հիմա չարժե Պարսկաստանի օդային տարածքով թռնել, պետք է զգույշ լինել»:
Տաթևիկ Ռևազյանի խոսքով, հնարավոր չէ նշել կոնկրետ ժամկետ, թե երբ այլևս չի լինի նման վտանգ, կախված է հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի քննությունից:
«Ժամանակ է պետք հասկանալ համար իրավիճակը, ինչից է առաջացել, որտեղ է խնդիրը: Դրա համար էլ մենք պարտավոր ենք զեկուցել, որ վտանգ կա, մինչև ունենանք քննության արդյունքները»,- ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Քաղավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տալիս շրջանցել Իրանի և Իրաքի օդային տարածքները
- Թեհրանում վթարված ինքնաթիռի սև արկղը կուղարկվի Ֆրանսիա ՝ ապակոդավորման
- Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի
- Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա. ՀՀ քաղավիացիա