Իր նման նախարարներ շատ ենք ունեցել. Կարեն Վարդանյանի պատասխանը՝ ԿԳՄՍ նախարարին
«Լրատվական ռադիո»-ին տված հարցազրույցում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ թեև 2019 թվականին «Արմաթ» լաբորատորիաներով համալրվել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, որտեղ սովորում է 33+ աշակերտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, սակայն ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը։
«Սա, թերևս, վարչապետ Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինակն է»,-նշել է Կարեն Վարդանյանը։
Այս հայտարարությունը, բնականաբար, անպատասխան չմնաց։ Իր հերթին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մեղադրանքներ հնչեցրեց Կարեն Վարդանյանի հասցեին՝ նշելով, թե այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար:
ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:
Հ.Գ. ստորև բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»,- գրել է նախարարը։
Panorama.am-ը թեմայի շուրջ զրուցեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։ Վերջինս նշեց, որ նախարարը ուղղակի չի տիրապետում իր ղեկավարած նախարարության տվյալներին։
«Վեց աշխատանքային օր առաջ մենք 800 մլն դրամ չենք ստացել, այդ գումարները ստացել ենք մի քանի ամիս առաջ՝ 284 լաբորատորիա հիմնելու համար։ Չգիտեմ, թե ինչ գումարի մասին է խոսքը»,- ասաց նա՝ չբացառելով, որ հնարավոր է՝ այդ գումարից մի փոքր մաս մնացել է, իսկ վեց օր առաջ վերջին փոխանցումն են արել։
Կարեն Վարդանյանի խոսքով՝ բյուջեում չկա մի տող, որ այս տարի լաբորատորիաներ են ստեղծվելու։
«Այդ հեքիաթները, որ գրել է նախարարը, թող բյուջեում ցույց տա այն տողը, որտեղ նշված է՝ լաբորատորիաներ են ստեղծվելու։ Իսկ այն, որ ինժեներական լաբորատորիաների բյուջեն 2020 թ-ին կազմելու է 671 միլիոն դրամ, այդ գումարը վերաբերում է 2019 թ-ին ստեղծված լաբորատորիաների համար նախատեսված աշխատավարձին»,- հավելեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությունում նշված այն հատվածին, թե «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար», Կարեն Վարդանյանն ասաց, որ դա նախարարի խնդիրն է։
«Իր նման նախարարներ շատ ենք ունեցել, բոլորի համար անվստահելի ենք եղել, բայց մենք մեր գործն արել ենք։ Հիմա դա իր գնահատականն է։ Իսկ սյսօր Հայաստանում 15 հազար երեխա կրթություն է ստանում «Արմաթ»-ի շնորհիվ»,- նշեց նա։
Միաժամանակ ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենն ասաց, որ նախարարը խոսում է մի կազմակերպության մասին, որի անվանումը հստակ չգիտի։ Կարեն Վարդանյանը ԿԳՄՍ-ի նախարարին հիշեցնում է, որ իրենց կազմակերպությունն արդեն երկու տարի կոչվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։
«Այսինքն, նախարարությունը պայմանագիր է կնքում՝ չիմանալով, թե ում հետ, հետո էլ, կարծես թե, ակնարկում է, որ մեր կազմակերպությունն ինձ տնօրինությունից հանի՞։ Կարծում եմ, որ դա ցածր կարգի մարդու որակ է։ Ըստ էության, շանտաժ է անում՝ տնօրենին հանեք, որ փող տանք»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հայտարարության այն հատվածին, թե «ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ»,- Կարեն Վարդանյանն ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե որն է այդ այլ կազմակերպությունը. «Եթե ինչ-որ մեկը մասնակցելու է պետական տենդերին, նախկինում առնվազն նման ծավալի գործ պետք է արած լինի գոնե 50 տոկոսի չափով»։
ԱՏՁՄ գործադիր տնօրենի գնահատմամբ, նախարարի հայտարարությունը շատ թույլ է. «Ուզում է դեմքը պահի, թող պահի։ Ես նորմալ եմ համարում այս հայտարարությունը»։
Նշենք նաև, որ ներկայումս հանրապետությունում գործում է 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան