Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեր երկրի հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների առաջին փուլը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Այն անցկացվում է Ալբերտ Ազարյանի անվան մասնագիտացված մարզադպրոցում:
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած մարզչական խումբը, նախապես կազմած ծրագրով, նպատակ ունի բարելավել մարմնամարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Յուրաքանչյուր մարզիկի հետ անհատական աշխատանք է տարվում,քանզի մարզիչները լավ գիտեն սաների ֆիզիկական որակների ուժեղ և թույլ կողմերը: Երկրորդ փուլում մեծ տեղ կհատկացվի մասնագիտական ` հատուկ պատրաստականությանը: Հասկանալի է, որ տղաները հիմնականում ժամանակ կտրամադրեն գործիքների վրա մարզվելուն:
Արդյունավետության աստիճանը կորոշի փետրվարի 25 – 28 –ը մայրաքաղաքում անցկացվելիք հանրապետական առաջնությունը: Հայտնի կդառնան առաջատարները, որոնցով կազմվելիք տղամարդկանց և կանանց հավաքականները հավաքի կմեկնեն Թբիլիսի: Կհաջորդի Դոհայում անցկացվելիք / մարտի 16 – 22 –ը / աշխարհի գավաթի խաղարկությունը: Ի դեպ, աշխարհի գավաթի խաղարկությունների /2018 – 2020թթ / և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների / 2019 – 2020թթ. / արդյունքներով մարմնամարզության միջազգային ֆեդերացիան կորոշի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներին: Նրանց թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները, բայց թե քանիսը ` առայժմ հայտնի չէ:
Պարզ է, սակայն , որ մեր մարզիկների համար մեծ խոչընդոտ են Բաքվում անցյալ տարի անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունը և առաջիկա մայիսի 27 – 31 –ը կայանալիք Եվրոպայի օլիմպիական վարկանիշային առաջնությունը, որոնցում հայտնի պատճառնեով չեն հանդես գալիս մեր պատվիրակները: Հաստատ է այն, որ շնորհալի բազմամարտիկ Արթուր Դավթյանն իր համար Տոկիոյի խաղեր տանող ճանապարհը հարթել է դեռևս նախորդ մրցաշրջանում` աշխարհի շտուտգարդյան առաջնությունում, որտեղից նա հայրենիք վերադարձավ օլիմպիական ուղեգրով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա