Արտահանման աճ գրանցած ոլորտները
2019 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 9 տոկոսով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում կոնյակի արտահանումն աճել է 26.7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16.8 տոկոսով, անմշակ ոսկու արտադրությունը՝ 31 տոկոսով, երկաթե միահալվածքի արտահանումը՝ 18.1 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14.6 տոկոսով, մրգային գինիներինը` 75, խաղողի գինիներինը` 25.5 տոկոսով և ոսկերչական իրերի արտահանումը` 19.2 տոկոսով։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դրանք այն ապրանքախմբերն են, որոնք ընդգծված առաջատար ազդեցություն են թողել ընդհանուր արտահանման աճի վրա:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ կանխատեսվում է, որ 2019-ին արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում։ Ըստ նրա՝ 2020 թ-ին նույնպես կանխատեսում են արտահանման 10 տոկոսի աճ:
Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների գնահատականներին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Moody’s և Fitch հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշները Հայաստանի վերաբերյալ մեկ աստիճանով բարձր էին նախորդ գնահատման համեմատությամբ:
Սա, ըստ նրա, նշանակում է, որ ներդրողի համար Հայաստանը գնահատվում է ավելի բարենպաստ և ավելի քիչ ռիսկային, բացի այդ, մեր երկիրը միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի նպաստավոր է դարձել, ավելի հուսալի պայմաններ են խոստանում, քան մինչ այդ էր։
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի համաձայն, Հայաստանում ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ բարենպաստ է, օտարերկրյա ներդրումների համար կարգավորող օրենսդրությունը համահունչ է միջազգային պրակտիկային։
«Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանում կան մի քանի ոլորտներ, որոնք խոստանում են ներդրումային շատ բարենպաստ միջավայր: Դրանք են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, զբոսաշրջությունն ու թեթև արդյունաբերությունը: Այսինքն՝ սա կողմնորոշիչ է միջազգային ներդրողների համար»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։