Իվետա Տոնոյան. «Ներեցեք, որտե՞ղ է վարչապետի հայտարարությանը հաջորդած հրաժարականների շքերթը». 168 Ժամ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նոնսենս է որակել իշխանության բարձր օղակների պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնին՝ թոշակների 10% բարձրացումը:
«Ինձ համար իրականում նոնսենս է, երբ տոկոսային հարաբերակցության մեջ ենք նայում. իշխանության բարձր օղակներում ներկայացված պաշտոնյաների աշխատավարձերն արդեն իսկ շեշտակիորեն ավելացել էին, մասնավորապես՝ նախարարների դեպքում այդ գումարը կազմում է 1.5 մլն դրամ, իսկ տարեվերջին էլ իմացանք, որ մի քանի միլիոն դրամների պարգևավճարներ են ստացել բարձր պաշտոններ զբաղեցնողները: Այդ ֆոնին ընդամենը մի քանի հազար դրամով թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, առավել քան տարօրինակ է»,- ասել է պատգամավորը:
Իվետա Տոնոյանի համար անհասկանալի է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգի դիմադրության վերաբերյալ հայտարարությունը. «Ինձ համար անհասկանալի է իշխանությունների՝ այս դոնկիխոտյան հողմաղացների դեմ պայքարի սինդրոմը: Իշխանափոխությունից անցել է 1.5 տարի, ձևավորված են գործադիր, օրենսդիր իշխանությունները, և ժամանակն է բնականոն աշխատանքի անցնելու: Ես կարծում եմ, որ անցել է մեր երկրի ներսում ներքին թշնամիներ փնտրելու և նրանց դեմ մտացածին պայքար մղելու ժամանակը: Եթե վարչապետը մատնանշում է այն հանգամանքը, թե պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը կամ հակահեղափոխական է, ապա ներեցեք, որտե՞ղ է այդ հայտարարությանը հաջորդած հրաժարականների շքերթը: Եթե նման բան կա, ապա տրամաբանորեն պետք է տեղի ունենային աղմկահարույց հրաժարականներ, մարդիկ պետք է լքեին իրենց պաշտոնները, եթե իրականում կային այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ»:
Հարցին՝ նախկին իշխանությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանը», ինչպես նաև ներկայիս իշխանությունը, որն այն ժամանակ ընդդիմություն էր, շարունակ դժգոհում էիք, որ պետք է բարձրացնել ընդդիմության դերն ու ավելացնել ընդդիմության լիազորությունները. գործող իշխանություններն այդ ուղղությամբ ինչ-որ քայլ անո՞ւմ են, նա այսպես պատասխանել է.
«Ցավալիորեն, պետք է արձանագրեմ, որ ոչ միայն քայլեր չեն արվում, այլև որոշակի առումով հետընթաց ունենք: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո անհանդուրժողականության մթնոլորտի այն էսկալացիան, որ հիմա գոյություն ունի, ինձ համար առավել քան տարօրինակ է, և կարծում եմ՝ այս մասին կվկայեն իմ բոլոր այն գործընկերները, ովքեր յուրաքանչյուր օր իրենց հանրային ելույթից հետո բախվում են ֆեյքային և հասարակության որոշ շրջանակների կողմից քննադատության: Խոսքն ընդհանրապես առողջ քննադատության մասին չէ, որովհետև մենք բոլորս բաց ենք մեր հնչեցրած տեսակետների առողջ քննադատության համար, եթե այդպիսին, իհարկե, լինի: Սակայն հերիք է, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ որևէ հրապարակային հայտարարություն անի, և սոցիալական ցանցերում անձնական վիրավորանքների, սպառնալիքների այնպիսի տեղատարափի է հանդիպում, որ պարզապես դրանից սահմռկել կարելի է: Այս մթնոլորտն անհարիր է սիրո և հանդուրժողականության հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։