Մատենադարանին անհրաժեշտ է նոր տիպի սկաներ
«Մատենադարանում 2019 թվականին թվայնացվել է 543 ձեռագիր մատյան, ինչը բավականին մեծ ցուցանիշ է»,- Panorama.am-ին տեղեկացրեց Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը:
Նա նշեց, որ հիմնականում թվայնացվում են հայերեն ձեռագրերը: Մատենադարանում ընդհանուր 11 հազար 350 հայերեն ձեռագիր կա:
«Հերթականությամբ հասել ենք 6598 թվահամար ձեռագրին, բայց հնարավոր է պատվեր եղած լինի, որը վերաբերի տաս հազարերորդին, դա արված լինի։ Նախապես եթե պատվիրատուն գրում էր կոնկրետ էջեր, արագ լինելու համար թվայնացվում էին այդ էջերը, բայց հիմա աշխատում ենք ձեռագիրը չչարչարելու համար, քանի որ չի խրախուսվում անընդհատ սկաների տակով անցկացնել, ամբողջությամբ թվայնացնել, իսկ տվյալ էջերը տրամադրել պատվիրատուին»,- ասաց նա:
Վ. Թորոսյանի խոսքով, արդեն երկու տարի է իրենց ամենածանր աշխատանքը կրկնագիր մատյանների թվայնացումն է: Ընդհանուր մշակվել է 31 ձեռագիր: Նախատեսվում է ձեռք բերել նոր սկաներ, որը հնարավորություն կտա թվայնացնել դժվար բացվող ձեռագրերը. «Կան ձեռագեր, որոնց մեջքն այնպես է կարված, որ եթե ամբողջությամբ բացենք, կկոտրվի: Որպես կանոն դրանք չենք թվայնացնում. կամ պետք է քանդենք ամբողջությամբ, հետո մեջքը կրկին կարենք, կամ ձեռք բերել սկաներ, որ հնարավորություն կտա V-ձև բացված վիճակով դրանք նկարել»:
Մատենադարանի գիտքարտուղարն ասաց, որ թեև չի խրախուսվում, որ անմիջական շփում լինի ձեռագիրի հետ, բայց լինում են նման դեպքեր. «Ունենք հատուկ օրեր, ժամեր, իջնում են ձեռագրատուն: Հաճախ լինում են մանրանկարիչներ, որոնք պետք է անմիջապես մանրանկարի բնօրինակը տեսնեն: Հաճախ ունենում ենք արտասահմանից ժամանած հայագետներ, որոնք ընդամենը 3-4 օր ունեն, պետք է արագ տեսնեն ձեռագրերը»:
Ներկայացված տվյալներով, 2019-ին սպասարկվել է 2851 ձեռագիր, 705 արխիվային վավերագիր: 2019-ին թվայանացվել է 440 արխվային միավոր:
Նշենք, որ Մատենադարանում պահվող ձեռագրերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2007-2008 թթ.-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան