Ավստրալիայում շարունակվում է պայքարը հրդեհների դեմ
Ավստրալիայում հրշեջ ծառայությունները տեղեկացնում են, որ փորձում են վերահսկողության տակ առնել այստեղ ծավալված մեծ հրդեհները: Բազմաթիվ վայրերում իրավիճակը մնում է անվերահսկելի։
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Բոդալա քաղաքի հրշեջները հայտնում են , որ կարողացել են առաջադիմել և այժմ միջոցառումներ են իրականացնում հրդեհները զսպելու ուղղությամբ: Այս նահանգն ամենաշատն է վնասվել Ավստրալիայում ընթացող համատարած հրդեհների ընթացքում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Տեղի իշխանությունները հույս ունեն, որ կրակը չի հասնի գլխավոր մայրուղիներին:
Այս պահի դրությամբ տեղական մարմինների տվյալներով նահանգում կան ավելի քան հարյուր հրդեհի օջախներ, որոնցից 40-ում դեռևս իրավիճակը հեռու է վերահսկելի լինելուց:
Սիդնեյի մոտ ընկած շրջաններում իրավիճակը մի փոքր բարելավվեց տեղացած անձրևների շնորհիվ, որոնք ըստ տեղական մամուլի օգնեցին հրդեհի մարման աշխատանքներին:
Սեպտեմբերից ի վեր առնվազն 27 մարդ է զոհվել Ավստրալիայում բռնկված համատարած հրդեհների արդյունքում: Կրակի է ենթարկվել ավելի քան 10 միլիոն հեկտար տարածք:
Այստեղ կլիմայի փոփոխության ակտիվիստները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ մեղադրելով կառավարությանը ճգնաժամին դանդաղ արձագանքելու մեջ: Սիդնեյում օրերս կայացած բողոքի ցույցին մասնակցել էր շուրջ 30 հազար մարդ: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը քննադատության է ենթարկվում հրդեհների հարցում իր արձագանքի համար: Նրան քննադատում են կլիմայի փոփոխության գործոնը անտեսելու մեջ:
Միևնույն ժամանակ վարչապետն իր կառավարության էներգետիկ և կլիմայի հետ կապված հարցերում քաղաքականությունը որակում է համահունչ և պատասխանատու: Կիրակի օրը հայտնի դարձավ, որ կառավարությունն աշխատանքներ է սկսել երկարաժամկետ ծրագիր կազմելու ուղղությամբ, որը պետք է նվազեցնի կլիմայի փոփոխության հետ կապված բնական աղետների վտանգը:
Հարակից հրապարակումներ`
- Ուղղաթիռից գազար ու կարտոֆիլ են բաց թողել Ավստրալիայի հրդեհից տուժած կենդանիների համար
- Ավստրալիայի իշխանությունները 35 միլիոն դոլար կհատկացնեն անտառային հրդեհներից հետո բնության վերականգնման համար
- Ավստրալիա.Հրդեհները չեն դադարում
- Ավստրալիայում որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ
- Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ
- Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ավստրալիան դիտավորյալ հրդեհելու համար