Գյուղատնտեսության ոլորտի անկումն ու ակնկալիքները
Գյուղատնտեսության ոլորտում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 4 տոկոս։ Այս մասին այսօր ամփոփելով 2019 թվականի տնտեսական տարին՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ 2018-ի համեմատ ավելի ցածր ցուցանիշներով տարի կունենանք 2019-ին:
«Այդտեղ երկու գործոն կա. առաջինն այն է, որ կա հաշվառման հետ կապված գործոն, երկրորդը՝ մեր գյուղատնտեսությունը դեռևս այն արդյունավետությունը չունի, որ կարճ ժամանակում արձանագրի բարձր աճի տեմպեր»,- ընդգծեց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նշեց՝ այն բարեփոխումները, որոնք նախատեսվում են իրականացնել, գյուղատնտեսության ոլորտում կապահովվեն երկարաժամկետ որակական փոփոխություններ։
«Կարծում ենք, որ 2020 թվականն ավելի լավը կլինի, քան նախորդ տարի էր, սակայն տարվող քաղաքականության արդյունքներն ավելի երկար ժամկետում կարող են նկատելի լինել»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Էկոնոմիկայի նախարարը կարևորեց այն, որ 2019 թվականին հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրական համակարգը։ Խոսքը վերաբերում է Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Տավուշի մարզերում մշակաբույսերի՝ խաղողի և ծիրանի, 3 ռիսկերից ապահովագրմանը։ Այդ ռիսկերն են կարկուտը, ցրտահարությունը և հրդեհները։
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 2019 թ-ի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 միլիոն դոլարով ավելի է եղել, քան 2018 թվականի ընթացքում։
«9 ամիսների կտրվածքով ունենք ավելի շատ դրամական միջոցներ, որոնք եկել են Հայաստան, քան գնացել են։ Մյուս կողմից՝ կա մեկ ուրիշ ցուցանիշ, որը հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշն է, և արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք ՀՆԱ-ի նկատմամբ մոտավորապես 16 տոկոս ցուցանիշ»,- նշեց նա՝ հավելելով, որ 2019-ին կունենանք մոտավորապես այնպիսի ցուցանիշ, որը եղել է 2017-2018 թթ-ին, իսկ 2020 թվականը կլինի ավելի լավ ներդրումային ցուցանիշով տարի։
Տիգրան Խաչատրյանը նաև ընդգծեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018-ի համեմատ պակաս են եղել 60 մլն դոլարով:
Լրագրողի հարցին, թե արդյոք տարածաշրջանի լարվածությունը չի ազդի ներդրումների վրա, նախարարը պատասխանեց. «Մենք հուսով ենք, որ Իրանի հետ կապված լարվածությունը շատ արագ կհանգուցալուծվի, և դեպքերը կզարգանան այնպես, որ դրանք ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես տարածաշրջանի համար կխոստանան միջին ժամկետ հուսալի հեռանկար, բայց մենք կածում ենք, որ Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելու տեսանկյունից ձեր նշած գործոնը չի կարող էական խոչընդոտ հանդիսանալ»։
Միաժամանակ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դեպի Իրան առևտուրը դեռ որոշ ժամանակ չեն ունենա այն ծավալները, որ պոտենցիալն է ենթադրում։ Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մաս է կազմում մեծ շուկայի և չափազանց կանխատեսելի միջավայր է ներկայացնում եվրոպական ներդրողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում