Մինսկն ցանկանում է նավթ գնել Ուկրաինայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Լեհաստանից և Մերձբալթյան երկրներից
Բելառուսը նավթ գնելու համար առաջարկներ է ներկայացրել Ուկրաինային, Ադրբեջանին, Ղազախստանին, Լեհաստանին և Բալթյան երկրներին: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, հայտարարել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը։
«Կառավարությունը շարունակում է մշակել նավթի այլընտրանքային մատակարարումների սխեման, ուսումնասիրվում են բոլոր հնարավոր տարբերակները: Մենք ուղարկել ենք համապատասխան առևտրային առաջարկներ: Մեր նավթային ընկերությունները անընդհատ բանակցությունների մեջ են»,- նշել է Կրուտոյը։
Ըստ նրա, առաջարկներն ուղարկվել են Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ, Ղազախստան և Ադրբեջան: «Մենք այժմ գործ ունենք այս հարցի հետ»,- ավելացրել է նա:
Կրուտոյը նշել է, որ Բելառուսն այժմ տնտեսապես նպատակահարմար չի համարում Ռուսաստանից նավթ ձեռք բերելը։