Մարկ Գրիգորյան. Հանրապետության հրապարակի տակ գտնվող նկուղները չունեն որևէ ճարտարապետական և պատմական արժեք
«Մեր ճարտարապետներից ում հետ խոսել եմ, ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ խոսելով Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման մասին:
Նա նշեց, որ ինքը նախկինում մի քանի անգամ արտահայտվել է՝ հրապարակը միևնույնն է անընդհատ փոփոխվում է. «Եթե խոսնեմ այդ հատվածը բացելու մասին, սկզբունքորեն դեմ չեմ: Ինձ համար հսկայական նշանակություն ունի, թե ինչպես է դա արվելու: Եթե այդ ինչ-որ մի ձևով ազդի հրապարակի ընդհանուր տեսքի վրա, ես կտրականապես դեմ եմ լինելու: Այսինքն ես այսօր չեմ կարող ասել կողմ եմ, թե դեմ բացմանը, որովհետև չգիտեմ, թե ինչ է արվելու»:
Մ. Գրիգորյանի խոսքով, բացվելու դեպքում ճարտարապետական տեսակետից բազմաթիվ խնդիրներ են առաջանալու, որոնք դեռ պատասխանները չունեն, քանի որ դեռ չկա նախագիծ, չկա առաջարկ, կա գաղափար, որ նետվել է դեպի օդ ու այդ գաղափարից այն կողմ չեն գնում:
«Այդ նկուղները չունեն որևէ ճարտարապետական և պատմական արժեք, այդ նկուղների միակ արժեքը զբոսաշրջիկության տեսակետից է: Պարզ է, եթե դրանք բացվեն, զբոսաշրջիկները գնալու են, մտնեն, տեսնեն, թե ինչ կա, հատկապես եթե դա համակցվի գեղեցիկ լեգենդով՝ թաքնված, անհայտ Երևան, Երևանի անցյալ»,- ասաց նա:
Մարկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարությանը կից ստեղծվել է փորձագիտական խումբ, որը քննարկելու է այս հարցը: Դեռևս որևէ հանդիպում չի կայացել: Նա կողմնակից է, որպեսզի հայտարարվի միջազգային մրցույթ՝ հասկանալու համար, թե ինչ գաղափարներ, առաջարկություններ կան, գուցե լինեն առաջարկություններ, որոնք հրապարակի ընդհանուր տեսքին չեն խանգարի:
«Ես պատկերացնում եմ և մղձավանջային սցենարներ, և դրական սցենարներ: Այո, այսօր այդ երկուսն էլ կան»,- ասաց Մարի Գրիգորյանը:
Նա նշեց, որ եթե սկսեն Երևանը շերտ առ շերտ դիտարկել, «մոզայիկ, փռված ձևով շատ բան կգտնեն»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները, Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»:
Երևան քաղաքի «Հանրապետության հրապարակի» ողջ տարածքում «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2003 թ. իրականացվել են բարեկարգման, շինարարական աշխատանքներ: Ասֆալտե շերտը քանդելու ընթացքում տեղում անակնկալ բացվել են բնակելի շինությունների ստորգետնյա բաժանմունքներ, որոնց ուսումնասիրությունը հնությունների պահպանության գործակալության կողմից հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին։ Ինստիտուտի կայքից տեղեկանում ենք, որ լիազորված խումբը (պ.գ.թ. Գ. Կարախանայան, պ.գ.թ. Ֆ. Բաբայան, պ.գ.թ. Ա. ժամկոչյան, ճարտարապետ Ա. Հովսեփյան) տեղում իրականացված աշխատանքներով պարզել է, որ դրանք անցյալ դարերին պատկանող բնակելի շենքերի նկուղային հարկաբաժիններ են (մառաններ)՝ կառուցված որոշակի ամֆիլաղային հատակագծով, որմնամույթերի վրա պահվող թաղակապ ծածկերով, կամարակապ բարձր և լայն պատուհաններով, սալարկած տուֆաքար հատակներով, ընդլայնական պատերի բացվածքներով և շինարարական բազմաթիվ այլ հնարանքներով։ Բնակելի և տնտեսական նպատակի ծառայող շինությունները ձգվում էին դեպի արևելք մի կողմից հրապարակի ժամացույցի, մյուս կողմից՝ շատրվանների ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա