Վարդագույն Երևանի կառուցումը՝ պատմության թանգարանում
«2020 թվականին թանգարանն ունենալու է բավականին հագեցած ծրագիր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։
Թանգարանում իրականացվելիք ծրագրերից Արմինե Սարգսյանն առանձնացրեց «Կենդանի նկարը», որը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանային ցուցադրություն է՝ համահունչ ժամանակի ոգուն։
«Այն հատկապես հետաքրքիր է լինելու դպրոցական և ուսանողական այցելությունների համար, որովհետև այդ ծրագրով մենք փորձել ենք ոչ միայն հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում գտնվող Վահան Խորենյանի՝ «Երևանի շինարարների» կտավը, որում պատկերված է վարդագույն Երևանի կառուցումը։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ փորձում ենք նորագույն տեխնոլոգիաների միջոցով հետաքրքիր դարձնել թանգարանը»,- նշեց Սարգսյանը։
Ծրագրի շնորհանդեսը եղել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին, և այցելուների դատին արդեն իսկ ներկայացվել է Երևանի կառուցման անիմացիոն պատկերը։
Արմինե Սարգսյանը նշում է, որ նախորդ տարի թանգարանն ունեցել է 20.707 այցելու։ Տոնական օրերին այցելությունների քանակը հասել է 100-ի. «Երևանի 2800-ամյակի արարողությունների ժամանակ՝ 2018 թվականին, այցելուների թիվն ավելի շատ է եղել, քան նախորդ տարի. ունեցել ենք 23.000-ը գերազանգող այցելու»։
Թանգարանում ներկայացված ցուցանմուշների քանակը գերազանցում է 97.000-ը, մինչդեռ 2005 թվականին եղել է 87.000 ցուցանմուշ։
«Նախորդ տարի մենք ձեռք բերեցինք շատ հետաքրքիր նմուշներ, որոնցից մեկը Վարդիթեր Կարապետյանի «Հին Ձորագյուղ» կտավը, որը պատմում է Երևանի հին թաղերից մեկի մասին։ Դա շատ կոլորիտային ներկայացնում է հին Երևանը։ Բացի այդ, մոտ 200 հնագիտական փորձանմուշ ենք ձեռք բերել»,- նշեց Սարգսյանը։
Թանգարանն այժմ իրականացնում է 5 կրթական ծրագիր։ Այս տարի թանգարանը իրականացնելու է «Վերականգնենք հնագիտական առարկան» խորագրով ծրագիրը։
Արմինե Սարգսյանը նշում է, որ դա կօգնի մեծացնել երեխաների հետաքրքրությունը հնագույն մշակութային ժառանգության նկատմամբ. երեխաները իրենց ձեռքով կհավաքեն փազլ՝ վերականգնելով տվյալ հնագիտական առարկան։
Թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյանը ներկայացրեց «Երևանը բանաստեղծություններում» գիրքը, որը, կարծես թե տրամաբանական շարունակությունն է տարիներ առաջ տպագրված «Երևանը հայ երգարվեստում» գրքի։
«Սրանք անքակտելիորեն փոխկապակցված են իրար»,- նշեց Հերմինե Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա