Ինչ-որ ղեկավարնե՞ր կան, որ չեն ուզում երկիրը զարգանա. ավտոներկրող
Ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա են իրանակացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի թույլ տրվի աջ ղեկով մեքենաները ներկրել Հայաստան և վերասարքավորել։
«ՊԵԿ-ը, որ աշխատավարձ է ստանում մեր վճարած հարկերից և պարտավորություն ունի սահմանված կարգով կազմակերպելու մաքսազերծման պրոցեսը, անարդյունավետ է աշխատել։ Եվ մարդիկ, ովքեր 2019 թվականին մեքենաներ են ներկրել, ապահովել են բոլոր պայմանները, բայց ՊԵԿ-ի կողմից ուղղվում են 2020 թվականի դրույքաչափով մաքսազերծման»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցներից մեկը ՊԵԿ-ի քայլը պետության նկատմամբ դավաճանություն է համարում. «Սա ավտոներկրողների իրավունքների կոպիտ խախտում ա, ի վերջո, պետության նկատմամբ դավաճանություն եմ համարում։ Հիմա ի՞նչ ա լինելու էս ներկրողների հետ։ Նրանք ստիպված մեքենաները տանելու են գրանցեն վրացու անունով ու վարելու են ՀՀ-ում։ Եղա՞վ, որ էդ մեքենայի համար նախատեսված գույքահարկը գնալու է Վրաստան»։
Ակցիայի մասնակիցները հարց են հնչեցնում՝ հակահայկական ինչ-որ ղեկավարնե՞ր կան, որ չեն ուզում երկիրը զարգանա։
«Ի հեճուկս նրանց, զարգանալու է, նվիրյալ տղերք կան, որ տնից տեղից կտրված գնում մեքենա են բերում, որ երկիրը զարգանա»,- նշում է ակցիայի մանսակիցներից մեկը։
ՊԵԿ աշխատակիցները, ակցիայի մասնակիցների խոսքով, փորձ չունեն՝ «դեղնակտուց» են. «Կոռուպցիան երկրում տասնապատկվել ա։ Դեկտեմբերի 26-ի օրը ես մեքենա եմ մաքսազերծել 20 հազար դրամով, իսկ ամսի 3-ին ուզել են 160 հազար դրամ, մի ավտո եմ կարողացել անել։ Էլի հարց չկա, 5 հատ ավտո եմ բերել, էդ գումարն էլ տալիս եմ, խի չեն մաքսազերծում»։
Այն, որ մեքենայի մաքսազերծման համար 8 հազար դրամի փոխարեն 160 հազար դրամ են պահանջել մաքսատան աշխատակիցները, ակցիայի մասնակիցներին այնքան չի մտահոգում, որքան փաստը, որ դեկտեմբերի 30-ին հայտարարագրած մեքենան այդ օրը չի մաքսազերծվել, և արդեն մաքսազերծվելու է 2020 թվականի սահմանաչափով. «Խի՞ չեն արել, որ ես տուպիկի առաջ կանգնեմ, հիմա տանեմ 12 հազար եվրո տա՞մ։ Թող գան պատասխան տան, ով ուզում ա, թող գա»։
Առաջացած խնդրի պատճառը, ըստ ավտոներկրողների, բրոքերների պակասն է։
«Ես ամսի 26-ին աջ մեքենաներ եմ բերել, բայց բրոքեր չի եղել, որ հայտարարագրի։ Իսկ ամսի 31-ին ասել են, որ Երևանի բրոքերներն են անում, բայց հերթը մեծ է, չեն հասցնում։ Մի հոգի չի, 10-ը չի, մարդիկ մնացել են տուպիկի առաջ»։
Ավտոներկրողները դժգոհում են նաև, որ մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են: