Ներառական խումբը փակել են, իսկ մանկապարտեզը այլ խմբերում տեղ չունի
«Տարեսկզբին մենք կանգնեցինք փաստի առաջ. մեր երեխաների անհատական ներառման ծրագիրը ընդհատվեց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի թիվ 92 մանկապարտեզի ներառական խմբի սաներից մեկի ծնող Ստելլա Միրզոյանը։
Հունվարի 8-ին ծնողը երեխային տարել է մանկապարտեզ, սակայն տնօրենն ասել է, որ երեխաներին չեն կարող ընդունել, քանի որ մանկապարտեզն այլևս չունի համապատասխան մասնագետներ. նրանց աշխատանքից ազատել են։
Ծնողների հարցին, թե իրենց երեխաները կարո՞ղ են արդյոք այլ խմբերում մնալ, մինչև քաղաքապետարանը հարցին լուծում կտա, տնօրենը պատասխանել է. «Մենք տեղ չունենք, տարեք ուրիշ մանկապարտեզ»։
Մինչ մանկապարտեզի տնօրինությունը պնդում է, թե ծնողներին 2019 թվականին տեղեկացրել են, որ խումբը փակվելու է՝ ֆինանսավորում չլինելու պատճառով, Ստելլա Միրզոյանը հակառակն է պնդում՝ իրեն չեն զգուշացրել։
«Ես իմ բալիկին մանկապարտեզ եմ տարել 2019 թվականի հոկտեմբեր ամսին, մանկապարտեզն է կանչել, քանի որ հերթագրված էի։ Ընդունվելուց ինձ ոչ ոք չի զգուշացրել, որ բալիկս մանկապարտեզ է հաճախելու մինչև դեկտեմբերի վերջ։ Այդ դեպքում ես կմտածեի՝ արդյոք պետք է բալիկիս հոգեբանական խնդրի առաջ կանգնացնել, որ ինքը ներառվի մի խմբում, ապա ստիպված տեղափոխենք այլ խումբ»,- նշեց Ստելլա Միրզոյանը։
Նույն խմբի սաներից մեկի ծնողը՝ Գոհար Միքայելյանը ևս նշեց՝ տեղեկացված չի եղել, որ մանկապարտեզի ներառական խումբը փակվելու է. «Բայց այս մանկապարտեզը միակն է Հայաստանում, որ հարմարեցված է ֆիզիկական և մտավոր խնդիր ունեցող երեխաներին՝ բոլոր առումներով»։
Մանկապարտեզի հատուկ խմբի հոգեբան Անի Կարապետյանի խոսքով, իրենք վաղուց տեղեկացված են եղել, որ հնարավոր ֆինանսական խնդիրների հետևանքով հնարավոր է խումբը փակվի. «Ամիսներ են եղել, որ մասնագետները մինիմալից պակաս՝ մոտ 50 հազար աշխատավարձ են ստացել։ Ծանուցումներ եղել են, բայց հստակ չի ասվել, որ այսինչ օրը փակվելու է խումբը, և քանի որ մենք կնքում էինք ժամանակավոր պայմանագրեր, մենք չենք իմացել՝ դեկտեմբերի 31-ին ընդհատվող պայմանագրից հետո նորը կկնքվի, թե ոչ»։
Հոգեբանը նշում է, որ գործող խումբը միակ հնարավորությունն է երեխաների համար կրթության մեջ ներառվելու, և դեռևս ոչ պատրաստ երեխային ներառելու, օրինակ, 30 հոգանոց խմբերում։
«Մենք որոշակի աշխատանքներ էինք տանում, որ երեխան նախաներառական հատվածից տեղափոխվի ներառական հատված։ Եթե մենք առանձնահատուկ պայմանների կարիք չունեցողներս մի քանի օրում վերականգնվում ենք, ապա երեխա կա, որ ամիս կարող է անցկացնել վերակենդանացման բաժնում։
Ես երեկ պատահաբար իմ երեխաներից մեկին տեսա, ում հետ աշխատում եմ, և բացասական միտում տեսա նրա մոտ։ Երեխան իր անվանը չարձագանքեց, իսկ դա ինձ համար՝ որպես մասնագետ, շատ կոտրող է։ Մենք պետք է քայլեր անենք՝ եղածը շատացնելու, իսկ հնարավորությունները սուղ են։ Այստեղ յուրաքանչյուր երեխա ստանում էր մասնագետների օգնությունը, որի կարիքն ունի»,- նշում է հոգեբանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ իր կզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձևաչափով, այլ՝ իբրև նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձև։