Ռուզան Մանթաշյանի գործակալությունը պնդում է՝ նրա ելույթը չեղարկվել է ադրբեջանցի տենորի ցանկությամբ
Հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող գործակալությունը հաստատել է՝ սոպրանոյի մասնակցությունը Դրեզդենի օպերայում փետրվարի 7-ին կայանալիք համերգին չեղարկվել է, որովհետև Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովն է հրաժարվել նրա հետ ելույթ ունենալ:
Ֆրանսիական Agence Massis Opéra համերգային գործակալությունը, որը ներկայացնում է օպերային երգչուհի Ռուզաննա Մանթաշյանին, հանդես է եկել հայտարարությամբ. «Նպատակ ունենալով հստակեցնելու փաստերը և վերջ դնելու այս տհաճ հակասություններին և ի պատասխան Semper Opernball-ի մամլո հաղորդագրությանը և պարոն Յուսիֆ Էյվազովի հնչեցրած հերքումներին` հայտնում ենք, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է վերոնշյալ մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա:
Իրականում այն վերաբերում է դոկտոր Հանս-Հոաքին Ֆրեյի կողմից ղեկավարվող ասոցիացիայի տարբեր գործընկերների հարաբերություններին:
Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն: Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր:
Հետևաբար` Semper Opernball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում:
2020թ. հունվարի 10-ին մենք ստացանք վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ` մեր առաջին մամլո հաղորդագրության մեջ նշված պատճառներով: Սա, հավանաբար, կազմակերպիչների համար ստեղծել է բավականին անհարմար իրավիճակ, բայց մենք մեր կատարողի համար ստեղծված այս անախորժ իրավիճակի զարգացման հարցում որևէ պատասխանատվություն չունենք:
Մենք կասկածի տակ չենք դնում Semper Opernball-ի հեղինակությունը և բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող կատարողների համար նրա հասանելիությունը»:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այդ մասին գրել էր նաև Forum Opera ամսագիրը: Դրանից հետո Յուսիֆ Էյվազովը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Semper Operaball-ի հաղորդագրությունը, որով հերքվում են մեղադրանքները, թե Ռ. Մանթաշյանի ելույթի չեղարկման պատճառը վերջինիս ազգային պատկանելությունն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը