Սովորող և աշխատող ուսանողների վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագիծը հավանության արժանացավ
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Լիլիթ Մակունցի օրենսդրական նախաձեռնությունը։ Խոսքը Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է։
Նախագծով առաջարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Քննարկման ժամանակ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ այս ընթացքում հանդիպել են ուսանողների, դասախոսների հետ, լսել են նրանց կարծիքները, մտահոգություններն ու առաջարկությունները, բացի այդ, նախագիծը մշակելիս համագործակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։
Պատգամավորը նաև ասաց, որ Կառավարության ծրագրով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրով խրախուսում են աղքատության հաղթահարումը՝ հատկապես կրթության և աշխատանքի միջոցով, և հենց այս երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում:
«Այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, նրանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի համար: Սկզբում նախագիծը վերաբերում էր միայն բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի դեռ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
Նշենք, որ հիմնավորման համաձայն՝ նախագիծը կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաև աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու և միաժամանակ հարկ վճարելու մշակույթ:
Լիլիթ Մակունցն անդրադառնալով նախագծի փիլիսոփայությանը՝ նշեց, որ կարևորն այստեղ աշխատանքի խրախուսումն է: «Ուսանողների ուսման վարձը, այդ թվում՝ մագիստրատուրայում, վճարում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք՝ մագիստրատուրայում սովորող ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել, և հոգալ իրենց ուսման վարձը: Այստեղ նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։
Պատգամավորը նաև ասաց, որ բակալավրիատում ուսանողները հաճախ մասնագիտությունն իներցիոն կերպով են ընտրում, իսկ երբ գալիս է աշխատանքի հարցը, ուսումնասիրում են աշխատաշուկան, տեսնում են, թե որ ոլորտներում են շատ վարձատրվելու, ուզում են մասնագիտությունը փոխել:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա աշխատելու միջոցով նաև փոխի իր մասնագիտությունը։
Պատգամավորն անդրադարձավ նաև բուհերում պետպատվերով ընդունվողներին. «Մենք ներդրում ենք կատարում մասնագետի վրա և հետո չենք հոգում այն մասին, որ այդ մասնագետը վերադարձնի ներդրումը պետությանը և աշխատի, օրինակ, պետական համակարգում, և հաճախ պետպատվերով սովորող ուսանողն արտագաղթում է»:
Լիլիթ Մակունցը նշեց, որ ուսումնասիրել են արտագաղթողների վիճակագրությունը և պարզել, որ հատկապես մագիստրատուրայի տարիքում մեծ է արտագաղթելու հակվածությունը, քանի որ եվրոպական շատ երկրներում հնարավորություն է տրվում անվճար ստանալ լավ կրթություն՝ կրթաթոշակների միջոցով։ «Շատ հաճախ այդ ուսանողները չեն վերադառնում հայրենիք, մինչդեռ եթե նրանք Հայաստանում աշխատանք ունենային ու կրթություն կարողանային ստանալ, այս դեպքերը զգալիորեն կկրճատվեին»,- ընդգծեց պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը նկատեց, որ թեև հետաքրքիր նախագիծ է, սակայն նա նաև այն կարծիքին է, որ նախագծի ընդունումը հակառակ արդյունքը կունենա։ «Օրինակ, 45 տարեկան մարդը, որն արդեն ունի աշխատանք, նախագծի ընդունումից հետո արհեստականորեն կգնա մագիստրատուրա, որ եկամտահարկ ստանա, իսկ արդյունքում՝ կրթության կարևորությունը կնվազի»,- նկատեց Արտակ Մանուկյանը։
Սիսակ Գաբրիելյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ այսօր ամենաթանկ բանը ժամանակն է, եթե մարդը պատրաստ է դասերի գնալ, սովորել, քննությունների գնալ, ապա չի կարծում, որ դա օգուտ չի տա:
Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ այսօր շատերն իրենց մասնագիտությունների գծով չեն աշխատում, ինչը մտահոգիչ է. «Մենք կարծում ենք՝ նաև այս քայլով կխրախուսենք, որ մարդիկ ընտրեն աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ։ Այսօր շատ դեպքերում կրթությունը միայն տեսական է ու որևէ կապ չունի աշխատանքի հետ: Սրա հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք աշխատաշուկան ու կրթությունը մոտեցնենք իրար»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյան հայտնեց կարծիք՝ այս փոփոխություններից հետո ուսման որակը կտուժի, իսկ ինչ չափով՝ դժվար է ասել:
«Կառավարությունը ցանկը որոշելիս պետք է հաշվի առնի,որ հետագայում այդ մասնագետները պետական համակարգում գան աշխատեն: Եթե կառավարությունը նման հույս ունի, դա պետք է պայմանագրերով ֆիքսի, իսկ ավելի նպատակահարմար չի՞ լինի, որ կառավարությունը հաստատի այն մասնագիտությունների ցանկը, թե ովքեր հետո գան աշխատեն պետական համակարգում, երեք տարվա ընթացքում այդ գումարները հետ է վերադարձվում»։
Քննարկման մասնակիցներից ոմանք նկատեցին, որ հետ վերադարձող չի լինի, Հովիկ Աղազարյանն էլ արձագանքեց. «Բա որ հետ գալացող չի լինելու, հավայի բան եք անում, որ ի՞նչ»:
Լիլիթ Մակունցը փորձեց բացատրել, որ այս նախագիծը մագիստրատուրայում կրթության որակի վրա վրա ազդեցություն ունենալ չի կարող. «Զրոյական ազդեցություն: Եթե խոսում ենք ուսման որակի ազդեցության մասին, ապա պետք է այսօր արգելենք մագիստրատուրայի ուսանողներին աշխատել, ինչը մենք, բնականաբար, չպետք է անենք, նույնիսկ բակալավրում են աշխատում:
Բուհերն ունեն ճկուն մոտեցում, մագիստրատուրայում դասերն անցկացվում են հիմնականում շաբաթ օրերին, ավելին, աշխատող ուսանողների մոտիվացիան լավ սովորելու շատ ավելի մեծ է: Ինչ վերաբերում է ուսանողի առաջ պայման դնելուն, որ անպայման հետո աշխատեն պետական համակարգում, սա խնդրահարույց է, քանի որ պետականը մրցունակ չէ»։