Boeing-ը ծաղրել է Lion Air-ի օդաչուների վերապատրաստման խնդրանքը վթարից 1 տարի առաջ՝ նրանց անվանելով «հիմարներ»
2017թ.-ին Ինդոնեզիայի «Lion Air»-ը դիմել էր Boeing ընկերությանը` նոր ձեռք բերված 737 MAX ինքնաթիռի վրա օդաչուներին թռիչքների պատրաստելու խնդրանքով, սակայն մերժում էին ստացել: Այս մասին հայտնի է դարձել Boeing-ի աշխատակիցների ներքին նամակագրությունից, որը հրապարակել է Bloomberg-ը:
Հաջորդ տարի 189 մարդ մահացավ այն ժամանակ, երբ Lion Air-ի 737 Max-ն ընկավ Ճավայի ծով։ Տեղի ունեցած աղետի համար մասնակիորեն մեղադրեցին նաև ոչ պատշաճ վերապատրաստման և անձնակազմի՝ Max-ին ծանոթ չլինելուն։
«Հիմա էլ անիծյալ Lion Air-ը սիմուլյատոր է խնդրում, որ թռչի MAX-ով, գուցե հենց իրենց հիմարության պատճառով: Ես այժմ փորձում եմ հասկանալ, թե ինչպես լուծել դա, հիմարներ (idiots)», - ասվում է նամակներից մեկում:
Ի պատասխան դրան, մեկ այլ աշխատող նշում է, որ Malindo Air-ը, որը Lion-ի հոլդինգի մի մասն է, արդեն հաջողությամբ թռչում է նոր մոդելների վրա:
Արդյունքում, Boeing-ը հրաժարվում է վերապատրաստում անցկացնելուց, համարելով, որ այն այնքան էլ անհրաժեշտ չէ՝ հաշվի առնելով մեծ ծախսերն ու աշխատուժը:
Ինչպես գրում է Meduza-ն, 737 MAX-ը ներկայացվել էր որպես Boeing-ի ինքնաթիռ, որի թռիչքների համար օդաչուներին անհրաժեշտ չէ ամբողջական վերապատրաստման դասընթաց, եթե նրանք արդեն թռչել են նախորդ սերնդի 737 NG-ի վրա:
2019թ.-ի մարտին Եթովպիայում տեղի ունեցած նմանատիպ աղետից հետո Boeing 737 MAX-ի չվերթները դադարեցվեցին ամբողջ աշխարհում: