Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Հունվարի 14-ին ավարտվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրված ժամկետը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ ծանոթացել են քրեական գործի ողջ նյութերին, որի ընթացքում հաստատվել է իր այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանին մեղսագրված արարքի մասին փաստող ապացույցներ գործում առկա չեն ։
«Քրեական գործում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք արդեն իսկ մեր ձեռքի տակ են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։ Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել ենք, որ այդ պայմաններում առավել քան ակնհայտ է՝ պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի»,-նշեց Ամրամ Մակինյանը`ընդգծելով. «քրեական գործում չկան թե՛ Սերժ Սարգսյանին մեղադրելու բավարար հիմքեր, թե՛ նրա նկատմամբ խափանման միջոց նշանակելու բավարար հիմքեր, թե՛ գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր»։
Վերջինս տեղեկացրել է՝ նախաքննության փուլում միջնորդել էին վարույթն իրականացնող մարմնին նշանակել համապատասխան համալիր փորձաքննություն։
«Այս քրեական գործում կա տարբեր բնագավառների մասնագետների մասնագիտական եզրակացության անհրաժեշտություն։ Իհարկե, վարույթն իրականացնող մարմինը շատ լավ հասկանում է, որ այդ փորձաքննության արդյունքներն ուղղակի կփլուզեն այս քրեական գործը, ինչի համար էլ մերժում է առանց հիմնավորելու»,-նշեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով՝ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո վերահաստատում են փորձաքննություն նշանակելու իրենց դիրքորոշումը։ Պաշտպանը գտնում է՝ քննիչի գիտելիքները բավարար չեն այդպիսի բարդ փորձաքննության եզրակացության վերաբերյալ կարծիք կազմելու համար։ Ամրամ Մակինյանը պնդում է՝ երեք բնագավառի փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն կա. «Քննիչն այդ երեք համապատասխան, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների ներգրավման անհրաժեշտություն չի տեսել և նշել է, որ քրեական գործով իբրև թե հավաքված տեղեկությունները բավարար են, սակայն քննիչը չէր կարող գնահատել։ Օրինակ այդ մեկը ֆինանսատնտեսական բնագավառի շատ բարդ վերլուծությունների արդյունքում կարող է եզրահանգումներ անել»,-հավելեց Ամրամ Մակինյանը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
- «Հրապարակ». Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և «ազատվել աշխատանքից»
- Փաստինֆո. Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել
- Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում
- ՀՀԿ. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան