Աչաջրի ծննդատունը չի փակվի, բայց կծննդաբերեն Իջևանում
Առողջապահության նախարարության կողմից հանրապետության տարածքում 9 ծննդատների լուծարումը շարունակում է հասարակության շրջանում ոչ միանշանակ արձագանքների արժանանալ։ Համայնքների բնակիչները նեղսրտում են, որ իշխանությունը հիվանդանոցային պայմանները բարելավվելու փոխարեն լուծարում է ծննդատները։ Արդյունքում, նախարարությունը, ավելորդ խնդիրներից խուսափելով, համայնքների բնակիչներին է ներքաշում խնդիրների մեջ։
Ծննդատան լուծարման փաստը Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները, թերևս, խիստ ծանր տարան, քանի որ նախնական շրջանում խոսվում էր նաև ամբողջ հիվանդանոցը փակելու մասին։ Ծննդատան բժիշկները սակայն, քաջ գիտակցելով, որ նախարարության որոշմամբ ծննդօգնություն պետք է իրականացվի Իջևանի հիվանդանոցում, տարեսկզբին 3 ծնունդ են ընդունել։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ Աչաջուրի առողջական կենտրոնը չի փակվելու։
Վերջինիս խոսքով, խնդիր կա՝ կապված առողջապահական կենտրոնի 20%-ի հետ, և որևէ բյուջետային կրճատում չի արվելու։
«Ինչ վերաբերում է ծննդատան խնդրին, ներկայիս ստանդարտներով ծննդատունը պետք է ունենա լրացուցիչ տեխնիկական և մասնագիտական հագեցվածություն՝ ելնելով ծննդօգնության անվտանգության տեսանկյունից։ Պետական միջոցներով առողջության կենտրոնը պահպանվում է, որևէ աշխատող չի ազատվելու աշխատանքից»,- նշեց Չոբանյանը։
Հարցին, թե ծննդատան աշխատակիցներն ի՞նչ սկզբունքով են շարունակելու աշխատել, Չոբանյանը նշեց՝ այնտեղ աշխատում են քույրեր և սանիտարներ, որոնց մի մասը կսկսի աշխատել շտապ օգնության ծառայությունում, մյուս մասն էլ՝ կշարունակի ծննդօգնություն իրականացնել։
«Նշված մասնագետներից ոմանք կշարունակեն զբաղվել նաև ծննդօգնությամբ։ Այստեղ էլի սպասարկվելու են հղիները, իսկ ծննդաբերությունն իրականացվելու է Իջևանի ծննդատանը։ Հղիները շարունակելու են առողջապահական անհրաժեշտ ծառայություններից օգտվել Աչաջուրում։ Իսկ բարդ դեպքերում ուղղորդում կիրականացվի Իջևանի ծննդատուն»,- նշեց Հայկ Չոբանյանը։
Մարզպետը վստահեցնում է, նախորդ տարիներին ևս բարդ ընթացքով հղիությունների դեպքում ապագա մայրերին տեղափոխել են Իջևանի ծննդատուն, որը տեխնիկապես ավելի հագեցած է. «Այս դեպքում Աչաջուրի բժշկին հնարավորություն է տրվելու Իջևանի ծննդատանը ծնունդ ընդունել»։
Չոբանյանը առողջության կենտրոնի համար լրացուցիչ պայմանների ապահովում է խոստանում։ Այդ դեպքում կենտրոնը ընթացիկ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորություն կունենա. «Աչաջուրից Իջևան հասնելու համար 15 րոպե է անհրաժեշտ, և մենք շտապ օգնության մեքենայով կարող ենք հղիների տեղափոխումն ապահովել»։
Հղիության 9 ամիսներին կանայք Աչաջուրում են բուժօգնություն ստանալու, իսկ ծնունդը Աչաջուրի բժիշկը ընդունելու է Իջևանի ծննդատանը։ Այսինքն՝ հղիներին՝ իրենց Աչաջուրում սպասարկող բժիշկների հետ տեղափոխելու են Իջևան՝ հիմնավորմամբ, որ ընդունվող ծնունդները բացասական հետևանք չունենան։
Հավելենք, որ համայնքն ունի առողջության կենտրոն և գյուղական բժշկական ամբուլատորիա։
Հարակից հրապարակումներ`
- Հլը Բուժականից ծննդկանին հասցրեք Երևան, 8 ամիս կտևի ախր. Եղվարդի բնակիչ
- Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները