Բարձրաշենի դպրոցում 11 աստիճան է, աշակերտները վերարկուներով են դասի նստում
Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցի աշակերտների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով դասասենյակում պատշաճ ջերմաստիճան ապահովել։
«Դասասենյակներում ջերմաստիճանը 11 աստիճան է, երեխաները վերարկուներով են նստում։ Մեր երեխաներն առողջության հաշվին են դասի գնում»,-ասում են ծնողները։
Դպրոցի աշխատակիցներն էլ նշում են` մեկ օրում կամ մեկ շաբաթում չեն կարող լոկալ ջեռուցում ապահովել. «Էդ տրամաբանական հարց է, պետք է փորձենք լուծում գտնել, մի օրում լուծվելիք խնդիր չի»։
Ծնողները նշում են, որ ուստարվա մեկնարկին են դպրոցի ջեռուցման հարցը բարձրացրել, բայց այն արհեստականորեն ձգձգվել է. «Ինչո՞ւ սեզոնի սկզբից հարցը չի լուծվել, ես գիտեմ՝ բյուջե հատկացվել է ջեռուցման համար, ինչո՞ւ հարցը չի լուծել»։
Դպրոցի տնօրինությունն էլ պատասխանում է՝ գումար եղել է, բայց չի հերիքել անգամ լարերը փոխելուն։
Ծնողներն էլ հետաքրքրվում են՝ իսկ այդ դեպքում ինչու դպրոցը հարցը չի բարձրաձայնել, որ ձմռան ընթացքում ծնողները չվախենան երեխաներին դպրոց ուղարկել։
«1 միլիոն 380 հազար բյուջե է հատկացվել, էլեկտրասյունը վառվեց, միայն 480 հազար դրա համար ենք վճարել։ Մեզ տվել են, ասել են տնօրեն եք, տնտեսեք։ Չի բավարարում, ցուրտ գոտի է, չի ջերմացվում։ Դասասենյակներում ամենաբարձր ջերմաստիճանը հասնում է 15-ի։ Նախորդ տարի ես անձամբ եմ գնացել առողջապահության նախարարություն, ասել եմ, որ այսպիսի վիճակ է, դպրոցում նորմային չհամապատասխանող դասասենյակներ կան։ Թող մեկը ձեռք մեկներ»,- նշում է դպրոցի տնօրենը, ապա հավելում. «Մենք սեյսմիկության խնդիր ունենք, միակ պատճառը դա է։ Ով կգա գումար դնի, որ հետո դպրոցը փլուզվի»։
Ծնողները հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ սեյսմիկության հարցը ևս լուծում չի ստանում։ Դպրոցի տնօրենը նշեց, որ մասնագետներն արդեն եզրակացությունը տվել են, և կառավարությունը պետք է հարցին լուծում տա. «Եզրակացությունը անբավարար է, 3-րդ կարգի վթարային շենք է»։
Արարատի մարզպետի օգնական Գևորգ Մանուկյանը նշում է, որ դպրոցի փոքր հատվածը, որը չի գործածվում, ավելի սեյսմակայուն է։ Հարցը մարզպետի հետ քննարկվելու է՝ ընդհանուր որոշում ընդունելու համար. «Կդիմենք ԱԻՆ-ին և համապատասխան հետազոտական կառույցներին, որ սեյսմիկ եզրակացությունն արագ պատրաստվի և դրական պատասխանի դեպքում նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կպատրաստենք, և մրցույթ կհայտարարենք։ Բայց դա 1 շաբաթում կամ 1 ամսում չի լինի։ Բայց էս տարվա ընթացքում քայլեր կձեռնարկենք փոքր մասնաշենքը վերանորոգելու ու լոկալ ջեռուցելու համար»։
Ինչ վերաբերում է դպրոցի մեծ մասնաշենքի վերանորոգմանը, Մանուկյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է մի քանի տարի հետո իրականացնել։