Բողոքի ակցիա. Ընկեր ջան, աֆյորա է տեղի ունենում
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգի դեմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Իրավունքի սահման» ընկերության ներկայացուցիչները, տաքսու վարորդներ ու քաղաքացիներ։
Ակցիայի մասնակից, դերասան Գևորգ Գրիգորյանը պնդում է՝ օրենքը տարածվելու է ոչ բոլորի վրա, քանի որ Հայաստանում շատ են ռուսական պետահամարանիշներով մեքենաները, ապա ընդգծում է՝ Երևանը պատշաճ կահավորված չէ, չկան բավարար չափով կայանատեղիներ։
«Ընենց չի, որ մարդիկ շատ են սիրում երկրորդ գիծ կանգնել, ստիպված են այդպես անել։ Բեռնաթափում իրականացնող մեքենան ստիպված է կանգնել երկրորդ գիծ, ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում բոլոր առաքիչները զրկվելո՞ւ են վարորդական վկայականից»,-մտահոգությունները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դերասանը։
Նա հարցեր ունի նաև միավորների չափերի վերաբերյալ, օրինակ՝ հարբած վարելու դեպքում չորս միավոր է հանվում, առանց պետահամարանիշի մեքենան վարելու դեպքում վարորդը միանգամից կզրկվի բոլոր միավորներից։
«Հիմա ո՞րն է վտանգավոր, հարբած քշե՞լը, թե՞ առանց համար քշելը։ Բացի այդ, բալերն արդեն վաճառվում են list.am-ում, 75 հազար դրամ արդեն շուկայական գին ունենք։ Դա նշանակում է, ով գումար ունի, չնայած թույլ տված խախտումներին, կշարունակի վարել»,-խնդիրները շարունակեց մատնանշել ակցիայի մասնակիցը։
Տաքսու վարորդներից մեկն էլ դժգոհեց՝ կաբինետում նստած օրենք գրողներն սեփական մեքենաներից տեղյակ չեն։
«Խաբար չեն խնդիրներից, կաբինետում նստած գրում են օրենքն ու բերում, կոտրում են ամենացածր խավի վրա։ Եթե ես խախտում եմ արել, տուգանվել եմ, վերջ պատժվել եմ, հիմա վարելու իրավունքից էլ զրկում են, որ տուգանքը չկարողանանք վճարել։ Պետք է այն մարդիկ օրենք գրեն, որ տեղյակ են խնդիրներից»,-ասաց մասնագիտությամբ ինժեներ տաքսիստը։
Նա մասնագիտությունը ներկայացրեց, որպեսզի հիմնավորի՝ իր առաջարկություններն էլ կարող են օգտակար ու արդյունավետ լինել։
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ համոզված է, որ «բիզնես միջավայրի» համար ուրիշ մոտեցում է պետք։
«Դժգոհ ենք բալային համակարգից։ Ո՞վ է մասնագետ կառավարությունում, որ իջնի խոսի։ Չեն հասկանում իրավիճակից։ Հարձակվելու են մարդիկ վրան։ Պիտի գնամ հասկացնեմ՝ ընկեր ջան, աֆյորա է տեղի ունենում, բիզնես գենոցիդ է եղել, տաքսի սերվիսներին ոչնչացրել են»,-ասաց Հովհաննիսյանն ու պատրաստակամություն հայտնեց մի քանի հոգու հետ բարձրանալ կառավարության շենք, հանդիպել պաշտոնյայի, ներկայացնել խնդիրն ու դրանց լուծումները։
Նա առաջարկում է, որ տաքսիտների համար այս համակարգը ժամանակավորապես կասեցվի, մինչև հասկանան, թե ինչպես վարվեն։
Հովհաննիսյանի խոսքով, այստեղ հավաքվածներից շատերը նամակներ են ստացել, ըստ որոնց 2015-ին կատարած խախտումների համար պետք է վճարեն։
«Մարդիկ իմացել են, որ հեղափոխությունից հետո դրանք զրոյացվել են։ Ավտոներկրողներին էլ նամակ է գալիս, որ վաճառած ավտոյի գումարի 20 տոկոսը պետք է հարկ վճարեն։ Հունվարը եկել է, արթնացել են, նամակները հայտնվել են։ Վարչապետն էլ մի քանի անգամ ասել է՝ տաքսիստները հարկերից ազատված են,... փաստորեն՝ ոչ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Որ խախտման դեպքում քանի բալ կկորցնեն վարորդները
- Վարորդների շուրջ 80%-ը տարեկան 3-5 խախտում է անում, և նրանք վարորդական իրավունքից չեն զրկվի. Ղահրամանյան
- Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից