Թլիկում չընտրված միակ թեկնածուն կրկին առաջադրվել է
Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում հունվարի 19-ին նոր ընտրություններ են նշանակված։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ այստեղ նոր ընտրություններ նշանակվեցին այնբանից հետո, երբ դեկտեմբերի 8-ին կայացած քվեարկության արդյունքով միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Սլավիկ Սալոյանը չընտրվեց։ Նրա օգտին քվեարկել էր 9 մարդ, դեմ՝ 13-ը։ Ընտրելու իրավունք ունեցող 127 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էր 22-ը։
ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս պահին գրանցված երկու թեկնածու կա։ Նրանցից մեկը նախորդ ընտրություններում «մերժված» թեկնածուն է։
Մյուս թեկնածուն ՀԿԿ-ական Ալիկ Մատոյանն է, նա աշխատում է նույն գյուղի դպրոցում։
Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հունվարի 7-ին, կավարտվի հունվարի 17-ին։