«Դպրոցները, որոնք սելեկտիվ կրթություն են իրականացնում, արդեն իսկ հականերառական միջավայր են ստեղծում»
«Ներառական կրթության ծրագիրը հենց սկզբից խեղաթյուրվեց»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով, դպրոցները, որոնք սելեկտիվ կրթություն են իրականացնում, արդեն իսկ հականերառական միջավայր են ստեղծում. «Երբ լավ սովորողները դիմացի նստարաններին են նստում, իսկ վատ սովորողները վերջին շարքերում, արդեն հականերառականություն կա։ Այդ պարագայում նոր ֆունկցիան, որը դրված է դպրոցների վրա, չի կարող բավարարվել»։
Խաչատրյանը նշում է, որ դպրոցներն ունեն նաև մասնագետների և առաջին հերթին տնօրենների խնդիր։ Կրթության փորձագետի խոսքով, դպրոցների տնօրենները ինչ-որ առարկաների մասնագետներ են և ունեն որոշ կառավարչական հմտություններ։ Բայց նրանց ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում՝ հոգեբանը ով է, սոցիալական աշխատողը ով է, ինչպես պետք է համակարգել նրանց աշխատանքը։
«Դպրոցի տնօրենը էդ վիճակներին չի տիրապետում, դրա համար դպրոցներում ներառական խմբի հետ աշխատող մասնագետները պարապ նստած են։ Բացի այդ, նշված մասնագետներն էլ ոչ միշտ ունեն անհրաժեշտ պաշարով գիտելիք»,- նշում է Խաչատրյանը։
Ներառական կրթության ոլորտում մյուս խնդիրը, ըստ Խաչատրյանի, այն է, որ դպրոցներում կա ուսուցիչների դոմինանտ մշակույթ, դրվածք, և երբ սոցիալական մանկավարժ, հոգեբան է գալիս դպրոց, ուսուցիչների դոմինանտ խումբը սկսում է դիմադրել։
Ներառական կրթության փորձագետ, Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի անդամ Արմինե Ավագյանի խոսքով, ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար չի նախատեսված. «Այն բազմազանության կրթությունն է, որտեղ կարող են ներառվել ոչ փայլուն մտավոր կարողություն ունեցող երեխաներից մինչև ուշադրության կենտրոնացման խնդիր ունեցող երեխան։ Իսկ մեզ մոտ այդ կրթությունը կենտրոնացավ խնդիր ունեցող երեխաների վրա և ընկալվեց՝ որպես նրանց առջև դպրոցի դռները բացելու ծրագիր, որը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ մասնագետների, թե՛ ծնողների կողմից»։
Ավագյանի խոսքով, կրթական կարիքի գնահատումը խնդրահարույց է և պարունակում է կոռուպցիոն ռիսկ, որովհետև գնահատման որոշ գործիքներ հավաստի ինֆորմացիա չեն տալիս երեխայի մասին. «Այդ գործիքները բավականին զգայուն չեն, որպեսզի հստակ ինֆորմացիա տան»։
Բացի այդ, Ավագյանի խոսքով, գնահատող մասնագետները ևս մասնագիտական հմտությունների անլիարժեքություն ունեն։
«Ըստ իս, այս գործիքները, որ մենք ենք կիրառում, շատ վիճելի է, թե ինչպես է տարանջատվում թեթև խնդիր ունեցող երեխան միջին խնդիր ունեցողից, կամ միջինը ծանրից և խորից։ Գնահատման նուրբ և զգայուն գործիքների առկայությունը կարևոր է, քանի որ դրանով է որոշվում երեխային տրամադրվելիք աջակցությունը»,- նշեց Արմինե Ավագյանը։
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը վստահեցնում է, որ փորձագետների վերոնշյալ անհանգստություններն անտեղի են, քանի որ ներառական կրթության համակարգում փոփոխություններ են կատարվել։
«Նշված գնահատման գործիքներն այսօր չկան։ Նախկինում գնահատումը տեղի էր ունենում բժշկական փաստաթղթի հիման վրա, իսկ այսօր այն չի համարվում առաջնային։ Փոխվել է նաև ներառական կրթական համակարգի ֆինանսավորման ձևը, ինչը քչացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Երեխայի ուսումնական կարիքին համապատասխան տրվում է գնահատում և ֆինանսավորում։ Թեթև կարիքի դեպքում երեխան նույնքան գումար է տանում դպրոց, որքան խնդիր չունեցող երեխաները»,- նշեց Հովսեփյանը։
Հավելենք, որ Հայաստանը փուլ առ փուլ, ըստ մարզերի, անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թվականին և կավարտվի 2025 թվականին։