Ռուսական կիբերհարձակում՝ իմփիչմենթում ներգրավված ուկրաինական ընկերության դեմ
Կիբերանվտանգության վերաբերյալ նոր զեկույցը տեղեկացնում է, որ ռուսական ռազմական հետախուզության հետ կապված հաքերները թիրախավորել էին Burisma Holdings ընկերությունը, որը ներգրավված է նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացում
Կալիֆոռնիայում գործող Area 1 Security կիբերընկերության փորձագետները հրապարակել են զեկույց, ուր նշվում է, որ ռուսական ռազմական հետախուզության հետ կապված հաքերները նոյեմբեր ամսին կիբերհարձակում են ձեռնարկել ընդդեմ ուկրաինական Burisma Holdings ընկերության՝ փորձելով կոտրել ընկերության աշխատակիցների էլեկտրոնային հասցեները: Հիշեցնենք, որ ուկրաինական այդ ընկերության խորհրդի կազմում է եղել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդի Հանթերը: Դեռևս պարզ չէ, թե արդյոք հաջողվել է հաքերներին կոտրել էլետրոնային հասցեները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հիշեցնենք, որ Հանթեր Բայդենը հանդիսացել է Բուրիսմայի խորհրդի անդամ 2014 թվականից մինչև անցած տարի: Նախագահ Թրամփը խնդրել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հետաքննել Բայդենի հետ կապված չարաշահումների մասին լուրերը: Այս հեռախոսազրույցը հիմք է հանդիսացել նախագահ Թրամփի դեմ ԱՄՆ-ում իմփիչմենթի գործընթացի համար՝ իշխանության չարաշահման և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեղադրանքներով:
ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին մեղադրել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին իր որդու չարաշահումները քողարկելու նպատակով ուկրաինական իշխանությունների վրա ճնշում գործադրելու մեջ: Այս կապակցությամբ սակայն չկան որևէ ապացույց:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իմպիչմենտի գործընթացը ԱՄՆ Սենատում
- Իմպիչմենտի գործընթացի տակ գտնվող ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել նաև Չինաստանին հետաքննել Բայդեններին
- Թրամփը չի վախենում «ուկրաինագեյթից»